ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 24 օր է, ինչ մեկնարկել է ոչ միայն օրացուցային տարին՝ Քրիստոսի ծննդից հետո 2026 թվականը, այլև ոչ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նախընտրական արշավը մեկնարկել էր դեռ անցյալ տարվա կեսերից:

Ինքնին հասկանալի է, որ տարին նախընտրական է, եթե կուզեք՝ ընտրական, և, ըստ այդմ, քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, հնչող հայտարարությունները արտապատկերվում և ընկալվում են այդ պրիզմայով: Իհարկե, Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, նրա ՔՊ-ն ինտենսիվորեն «փիարվում» են, պարզ ասած՝ զբաղված են ինքնագովությամբ, անգամ՝ գլուխգովանությամբ: Կապ չունի՝ խոսքը Փաշինյանին սպասարկող պետական ծառայողական մեքենայի համարանիշից տառերը ջնջելու և բարդույթավորված «1» թվանշան գրելու մասին է խոսքը, թե, ասենք, ձյան առատ տեղումների: Իրենք իրենց պարգևատրելու, թե թոշակառուներին ծաղրելու, Եկեղեցու դեմ պատերազմելու, թե Թրամփի հետ նկարվելու, ադրբեջանական բենզինի, թե հեղուկ գազի գների...

Բայց սկզբունքորեն զուտ «փիարը» չէ խնդիրը: Ավելին, միանգամայն բնական է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության գործունեությունը, հայտարարությունները նախընտրական տրամաբանության մեջ են: Նմանապես ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ քաղաքական ուժերը, գործիչները «փիարվեն», առավել ևս՝ նախընտրական շրջանում:

Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Խնդիրը «փիարի» կառուցվածքն ու բովանդակությունն է: Այս առումով Փաշինյանի մոտեցումներն ու գործելակերպը հանգում են այն բանին, որ մարդը եթե նույնիսկ դատարկության ձգտող սառնարանն էլ բացի, այնտեղ տեսնի Նիկոլ Փաշինյանին, որը առատության եղջյուրից ինչ-որ երևակայական «բարիքներ» է խոստանում: Անգամ եթե այդ կիսադատարկ սառնարանում մարդը հավկիթ գտնի, ապա էլի Փաշինյանը հայտնվի ու իր սպեցիֆիկ ձայնով և շարժումներով սկսի բացատրել, թե իրական Հայաստանում ինչպես է պետք «խաղաղության» ձվածեղ պատրաստել: Փաշինյանական մոտեցման տեսանկյունից կապ չունի՝ մարդիկ կծաղրեն, կծիծաղեն, կվիրավորեն, թե ֆեյքերով կգովեն, կփառաբանեն «փրկչին»: Դա կարևոր չէ: Կարևորը, որ իրեն քննարկեն, իր ասածների շուրջ պտտվեն խոսակցությունները: Այ, եթե գոնե մեկ օր իրեն չքննարկեն, դա նրա համար հավասար կլինի քարոզչական մահվան:

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է: Ու կապ չունի, կրկնում ենք, իր ցիլոյով դա կանի, թե ԱԺ ամբիոնի մոտ հերթական անկանոն ու նյարդային շարժումներով և ջղագրգիռ պահվածքով: Եթե սա համադրենք նրա կողմից իրականացվող ինտենսիվ ռեպրեսիաների, այլախոհների ձերբակալությունների ու կալանավորումների, հանրությանը շանտաժի ենթարկելու և պատերազմով ահաբեկելու հնարքների հետ, ապա պատկերը կամբողջանա: Հավելեք դրան փաշինյանական մնացյալ գործիքակազմը՝ շարունակաբար կեղծելը, մանիպուլ յացիաները, «կրուտիտները», «նախկինացավը», մերկապարանոց մեղադրանքները, պարզ կդառնա նաև հեռանկարը:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. իսկ ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը: Ի՞նչ կարող է հակադրել կամ ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը փաշինյանական ագրեսիվ քարոզարշավին: Սկսենք նրանից, որ եթե իշխանությունը, որպես այդպիսին, գործնականում 1 մարմին է, նույնիսկ՝ 1 կոնկրետ անձնավորություն, որ հանդես է գալիս հիմնականում տարբեր քպականների, ըստ անհրաժեշտության՝ նաև սատելիտների դեմքերով ու շուրթերով, ապա ընդդիմության պարագայում պատկերն այլ է: Ընդդիմությունը մեկ մարմին չէ, ներկայացված է մի շարք ուժերով ու իրենց լիդերներով, որոնք դեռևս գործում են անջատանջատ, յուրաքանչյուրն՝ իր պատկերացումներին համապատասխան: Խոսքն այն մասին չէ, որ ընդդիմադիր ուժերը կամ լիդերները պետք է բոլորով հանդես գան որպես 1 նախընտրական միավոր: Դա մեր պայմաններում իրատեսական չէ: Ավելին, մեր կարծիքով, մեծագույն սխալ կլինի: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան առնվազն համադրել իրենց քարոզչական ռեսուրսներն ու հնարավորությունները, գոնե պետք է գործեն համակարգված, փոխհամաձայնեցված: Սա՝ տեխնիկական կամ տակտիկական առումով:

Ավելի լայն ընդգրկմամբ՝ ընդդիմությունը պետք է իր հստակ օրակարգով հանդես գա, և դրանով առաջնորդվի: Այսօրվա դրությամբ կա 1 առանցքային խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը ձերբազատել քպական իշխանությունից՝ հանուն մեր պետականության հետագա գոյության: Կարծում ենք՝ պետք է տիրապետի այն գիտակցումը, որ Փաշինյանի ու ՔՊ-ի վերարտադրվելու պարագայում դրանից ընդամենը օրեր անց բացարձակապես իմաստազրկվելու են բոլոր ընդդիմադիր ուժերի և գործիչների գաղափարական կամ անձնական տարաձայնություններն ու ամբիցիաները: Դրանք պարզապես ոչ մի արժեք ու նշանակություն չեն ունենալու:

Մեծ հաշվով, հարցը մեկն է. 2020 թ. նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանում քաղաքական համընդգրկուն ճգնաժամ է, և այդ ճգնաժամը իր բնական ու տրամաբանական լուծումը չի ստացել, երկիրը շարունակում է մնալ այն աղետի ու պարտության մատնած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության լծի տակ:

Ուստի, ընդդիմադիր ուժերի բուն խնդիրն ու առաջին քայլը փաշինյանական իշխանությունից երկիրն ու ժողովրդին ձերբազատելն է: Այդ միասնական նպատակին պետք է ծառայեն բոլոր ուժերը, եթե իրապես ուզում են արդյունքի հասնել:

Հետևաբար, ընդդիմությունը պետք է կենտրոնանա բացառապես սեփական օրակարգի վրա, խոսի և գործի հանուն այդ օրակարգի՝ ձգտելով չհայտնվել փաշինյանական օրակարգի սպասարկման ծուղակներում: Փաշինյանի ստի փուչիկներն, իհարկե, պայթեցնել պետք է, բայց դա չպետք է լինի ընդդիմության հիմնական զբաղմունքը: Մեծ հաշվով, այդ գործով՝ ստափուչիկապայթեցումը նկատի ունենք, բավականին արդյունավետ զբաղվում են իշխանական վերահսկողության տակ չանցած լրատվամիջոցները, առանձին հասարակական շրջանակներ, լրագրողներ, բլոգերներ:

Համենայն դեպս, ընդդիմության համար այս ուղղությունը կարող է լինել օժանդակ, բայց ոչ հիմնական գործունեության ճակատ: Էլ չենք խոսում այն մասին, որ փաշինյանական ստերի ետևից ընկնելը, ցանկացած դեպքում, էլի տանում է դեպի Նիկոլ Փաշինյանի օրակարգային դաշտ: Այսինքն, էլի իր ասածների շուրջ է այն պտտվում:

Իդեալական տարբերակ կլինի, իհարկե, այն, որ ընդդիմությունը կարողանա փոխհամաձայնեցված և համակարգված աշխատել քարոզչական առումով, աշխատանքի և ուղղությունների որոշակի բաժանմամբ, դերաբաշխմամբ, «փոխանցումներով»: Գուցե ավելորդ է ասել, բայց ամեն դեպքում արժե ընդգծել. ընդդիմադիրները այս ընթացքում պետք է կտրականապես դադարեցնեն միմյանց «հարվածելու» դրսևորումները: Դա ուղղակի անհրաժեշտություն է: Ընդդիմության մեջ ցան կ ա ցած պա ռակ տ ո ւ մ նշանակում է աշխատել իշխանության օգտին: Հուսանք, այդ գիտակցումն, ի վերջո, կտիրապետի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular