Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը․ Վրաստանի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով` այն միտքը, որ Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ գործառույթը, ենթադրություն է։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի տարանցիկ դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ, և որ այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար։
«Ես կբերեմ մեկ ցուցանիշ՝ դա հաստատելու համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են։ Մեր միակ նպատակը ենթակառուցվածքների առավելագույն օգտագործումն է՝ աճող բեռնափոխադրումների ծավալները սպասարկելու համար։ Հաշվի առնելով այս աճը՝ այլընտրանքային միջանցքը միայն կլրացնի մեր տարանցիկ գործառույթը։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերի զարգացման մեջ»,- հավելել է Կոբախիձեն։