«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀիշեցնենք, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել են TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի) տրանսպորտային նախագծի իրականացման շրջանակային ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանում է մոդել, որի համաձայն ԱՄՆ-ը և Հայաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ TRIPP Development Company-ն։ Համաձայնագրի համաձայն ԱՄՆ-ը 49 տարի ժամկետով կստանա 74% բաժնեմաս, իսկ Հայաստանը 26%։ Պայմանագիրը նախատեսվում է երկարաձգել ևս 50 տարով, որի արդյունքում Երևանի բաժնեմասը կհասնի 49%-ի։ Ընկերությունը Հայաստանում կստանա բացառիկ իրավունքներ զարգացնելու երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, նավթի և գազի խողովակաշարերը, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի գծերը: Պաշտոնական հայտարարության համաձայն «Թրամփի երթուղու» հիմնական նպատակն է ստեղծել անխափան տրանսպորտային միջանցք: Այդ երթուղին նախատեսված է կապելու Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, միաժամանակ դառնալով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող տրանսկասպյան առևտրային զարկերակի կարևոր օղակ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունքում ստացված բանաձևը «լիովին բավարարում է Հայաստանին և Միացյալ Նահանգներին, և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին»:
ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru–ի հետ զրույցում նոր TRIPP («Թրամփի երթուղի») տրանսպորտային նախագիծը անվանել է անիրատեսական նախաձեռնություն, որը դատապարտված է կրկնելու Կովկասում այլ բարձրաձայնված, բայց ձախողված «դարի նախագծերի» ճակատագիրը: «Յուրաքանչյուր մի քանի տարին մեկ Կովկասում ի հայտ է գալիս որևէ մեծ աշխարհաքաղաքական տրանսպորտային նախագիծ, որին հաջորդում են խոստումներ, որ դրանից հետո մարդկությունը կապրի նոր կյանքով», - նշել է փորձագետը: Նա զուգահեռներ է անցկացրել այնպիսի գովազդված և իրականացված նախաձեռնությունների հետ, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը, որը, չնայած սկզբնական խոստումներին, չկարողացավ էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։
Սիլաևի խոսքով նախագիծը խրված է անհաղթահարելի քաղաքական և աշխարհագրական փակուղիների մեջ և անհրաժեշտ է միայն նրա համար, որ Թրամփի վարչակազմը կարողանա ցույց տալ իր հաջողությունը որպես խաղաղարար։
Չնայած Երևանի իր ինքնիշխանությունը լիովին պահպանելու մասին հավաստիացումներին, TRIPP-ի իրականացման ծրագրի տեքստը պարունակում է կասկածելի դրույթներ։ Օրինակ «զգայուն հարցերի» վերաբերյալ հիմնական որոշումները կկայացվեն հայ-ամերիկյան ղեկավար կոմիտեի կողմից, իսկ ընկերության սեփականության կառուցվածքի ցանկացած փոփոխություն, այդ թվում վերջնական շահառուների փոփոխությունները, կպահանջեն երկու կառավարությունների նախնական հաստատումը։ Սա, ըստ էության, Վաշինգտոնին գործիք է տալիս այդ ռազմավարական ակտիվի նկատմամբ անմիջական վերահսկողության համար։ Իսկ քաղաքական խոչընդոտը մնում է նույնը. Ադրբեջանը, ինչպես նախկինում, պնդում է, որ իր քաղաքացիները և տարանցիկ բեռները Հայաստանում «չպետք է որևէ շփում ունենան հայերի հետ»։ Սիլաևը կարծում է, որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է TRIPP Development Company-ն լուծելու այդ հակասությունը, քանի որ այդ պահանջը, նրա կարծիքով, «բացարձակապես ակնհայտորեն խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը և ստեղծում է փակուղի»։
Նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրում ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ռազմավարական օբյեկտի ի հայտ գալը, անկասկած, հարցեր կառաջացնի Մոսկվայում, հատկապես հաշվի առնելով Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարված ուղղությունը: Փորձագետը մատնանշել է իրավական հակասություն. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի մաս է կազմում, ուստի վերահսկողության գործառույթների փոխանցումը օտարերկրյա ընկերությանը «վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը»: Ավելին, նախագիծը զգալի երթևեկության հոսքեր չի ստեղծի, քանի որ Ղազախստանով և Ռուսաստանով անցնող առկա երթուղին է մնում «բոլոր առումներով ավելի շահավետ»:
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ մասնակցությունը նախագծին ավելի շատ խորհրդանշական է, քան ռազմավարական: «Եթե այս ընկերությունն ունի որոշակի անվտանգության գործառույթներ, ապա կարող ենք ասել, որ ամերիկացիներն ունեն որոշակի աշխարհաքաղաքական շահագրգռվածություն», - նշել է Սիլաևը: Այնուամենայնիվ, նա կասկածում է Վաշինգտոնի մտադրությունների լրջությանը: «Մնացած ամեն ինչի ֆոնին, նաև Հայաստանը որոշիչ դեր չի խաղում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ», - հավելել է նա: Փորձագետը Վաշինգտոնի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ վերագրում է ոչ թե տնտեսագիտությանը, այլ ներքին քաղաքականությանը և իմիջին: Ինչպես գիտենք, Թրամփը մեծ խաղաղարար է ներկայանում: Հիմա նրանք պետք է գոնե ցույց տան, որ այս լուծումը գործում է, կարծիք է հայտնել փորձագետը։
Սիլաևը Հայաստանի ղեկավարության վարքագիծն էլ բնութագրել է որպես երկիմաստ։ «Փաշինյանի օրոք Հայաստանը զբաղված է ամբողջ ուժով ձևացնելով, թե որքան ծանր է իր գործընկերությունը Ռուսաստանի հետ և ինչպես ամբողջ ոգով կցանկանար ընտրել ազատ աշխարհը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի անում առկա ինտեգրացիոն միավորումներից իրական դուրս գալու համար», - ընդգծել է նա չբացառելով, որ այս կուրսի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ մի «որոշակի պահի» Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am