ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը:

Այսպիսով, նաև դատելով նախանական արձագանքներից, փաշինյանական իշխանությունն ինտենսիվ նախընտրական քարոզչության ևս մեկ շոշափելի թեմա է ստացել: Ավելին, այդ թեման հնարավոր բոլոր տարբերակներով, հատկապես առաջիկայում ինտենսիվ տարփողելու է: Ու արդեն տարփողում է:

Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա այն մասնագետները համարում են դասական առումով «մտադրությունների հուշագիր», որը երկուստեք իրավական պարտադիր ուժ չունի, պարտավորվածություն չի ենթադրում: Իրենք՝ ստորագրողները կամ հրապարակողները, գործածում են «ուրվագիծ» եզրույթը: Իսկ բուն փաստաթղթում «մտադիր» բառը կրկնվում է առնվազն 8 անգամ:

Կարևորը, սակայն, այն է, որ այս համատեղ հայտարարությունը կամ փաստաթուղթը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող խոշոր տերությունների կողմից միարժեքորեն չի ընդունվի: Ասենք, դա միանգամայն կանախատեսելի էր:

Տեսեք, ըստ ԹՐԻՓՓ-ի ուրվագծի, Միացյալ Նահանգները հայ-իրանական սահմանի վրա, կարելի է ասել, 99 տարով ստանում է իրավունք՝ շահագործել Հայաստանի տարածքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար անխոչընդոտ ու անվերահսկելի կապի և ապրանքաշրջանառության ճանապարհ կառուցելով ու սպասարկելով: Նախքան մյուս դետալներին անդրադառնելը, արժե ընդգծել, որ հարևան ու բարեկամական Իրանն ամենևին ոգևորված չէ նման հառանկարից, կոնկրետ այն բանից, որ Հայաստան-Իրան սահմանագոտին գործնականում անցնում է ամերիկյան ինչ-որ ընկերության:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին գործնականում հաստատեց մեր այս դիտարկումները՝ երեկ մասնավորապես հայտարարելով. «Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար»:

Ինչ վերաբերում է փաստաթղթի այլ մանրամասնություններին, ապա դրա հայերեն տեքստը ԱԳՆ կայքում զետեղված է, և ցանկացած ոք, առանց կողմնակի հուշումների, կարող է բացել, կարդալ, պատկերացում կազմել: Նշենք միայն, որ, ըստ փաստաթղթի, «Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 % մասնաբաժինը և պահպանել 26 % մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավել յալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 %»:

Բայց այս ամենի մեջ հետաքրքիր է երկուերեք այլ կարևոր հանգամանք: Առաջին. տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ դնող և նորանոր սպառնալիքներ ձևավորող այս ձեռնարկման շուրջ Փաշինյանի իշխանությունը բանակցել ու այն ընդունել է գերազանցապես «բիզնես» մոտեցմամբ, ավելի պարզ՝ ինչ-որ կռճոններ պոկելու տրամաբանությամբ: Ու այս փաստաթղթի առնչությամբ Փաշինյանի երեկվա հայտարարությունն էլ, թե ներհոսելու են խոշոր ներդրումներ, գրեթե ներդրումային հեղեղ է լինելու, ասվածի ամենից ցայտուն ապացույցն են:

Այս տրամաբանության մեջ է նաև տոկոսային «բաշխումը»: ԱԳ նախարարն ասում է. «Դե, մեծ հաշվով բանակցությունների արդյունք է, արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունք է։ Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է»։ Այսինքն, Հայաստանի տարածքը, որ 49 (99) տարով «վարձակալության» է տրվում այլ երկրի, փաստացի արժեք չունի, հաշվարկը միայն ներդրումներով է կատարվում:

Ու հենց այստեղ մոտենում ենք հիմնական կետերից ևս մեկին. «Թրամփի ուղու» նախատեսվող աշխատակարգն այնպիսին է նախանշվում, որ, ըստ դրա, թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես ասվում է, շվշվացնելով, ազատորեն, մեր երկրի տարածքով, ամերիկյան ինչ-որ անհասկանալի ընկերության աջակցությամբ գնալու և գալու են՝ ադրբեջանական տարածքից դեպի Նախիջևան, Նախիջևանից՝ դեպի ադրբեջանական տարածք: Մեծ հաշվով, դա այն է, ինչը ադրբեջանական և թուրքական պաշտոնյաները նշում են որպես «Զանգեզուրի միջանցք»: Հիմա Փաշինյանն ու ԱՄՆ «խաղաղասեր» վարչախումբը ինչ անվանում ու փաթեթավորում էլ տան այդ ամենին, դա «Զանգեզուրի միջանցք» է, իսկ եթե իրերը լիարժեք կոչենք իրենց անուններով, ապա հենց «թուրանական միջանցք»:

Եվս մեկ հատկանշական պահ. հիշյալ փաստաթղթում ուղիղ 15 անգամ գործածված են «ինքնիշխան» և «ինքնիշխանություն» եզրույթները: Բայց այն, ինչ նախատեսվում է իրականացնել, գործնականում ոչ միայն կապ չունի ինքնիշխանության հետ, այլ հենց ինքնիշխանության, ինքնուրույնության կոնկրետ, աշխարհագրորեն նախանշված կորուստ է: Իսկ ուրիշ ինչպե՞ս անվանել այն, երբ մի պետություն (Հայաստանը) իր տարածքի մի ահռելի մաս, այն էլ՝ ռազմավարական նշանակության մաս, հանձնում է մեկ այլ պետության (ձևականորեն՝ ԱՄՆ-ին) շահագործմանն ու վերահսկողությանը:

Այդտեղ ուզում ես 15, ուզում ես 115 անգամ գրիր «ինքնիշխան», պարզից էլ պարզ է, որ դա իմպերիալիստական պարտադրանք ու զավթում է, որը միգուցե շատ է համապատասխանում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերին և գրեթե չի համապատասխանում Հայաստանի շահերին:

Ու որպեսզի դա ավելի պարզորոշ ընկալեք, ընդամենը 1 վայրկյանով պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվեր, եթե դրա նման մի պայմանագիր կնքվեր, ասենք, Ռուսաստանի հետ: Հա, բայց ականջախեցիները փակեք, նոր պատկերացրեք, քանզի վայնասունի ձայնը կխլացներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular