ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները վաղուց անցել են ներեկեղեցական կյանքի կամ քաղաքական մեկնաբանությունների սահմանը։ Խնդիրը հանգում է ավելի վտանգավոր հարցի՝ արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ինստիտուցիոնալ սահմանազատումը, թե՞ գործադիր իշխանությունը փորձում է իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ և իրավական տրամաբանությամբ իրեն չեն պատկանում։ Երբ պետության ղեկավար մարմնի առաջին դեմքը հրապարակային կերպով կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի որոշումների լեգիտիմությունն ու պարտադիր ուժը, սա արդեն ոչ թե կարծիք է կամ քաղաքական ճառ, այլ կառավարման մշակույթի փոփոխության ազդակ՝ իրավական պետությունից դեպի կամայականության ռեժիմ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցական կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Այստեղ կարևորն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում տվյալ որոշմանը, այլ այն, թե ով է իրավասու այդ որոշումը կայացնել։ Եկեղեցական կարգապահական վարույթները, պաշտոնազրկումները և կարգավիճակի հարցերը Եկեղեցու ներքին իրավազորության դաշտում են, քանի դեռ պետությունը չի փորձում դրանք վերածել քաղաքական իշխանության գործիքների։ Սակայն դրանից հետո հնչած արձագանքը, որի տրամաբանությամբ Հայրապետական տնօրինությունը ներկայացվում է որպես առոչինչ, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Սահմանադրական պետությունում ոչ մի պաշտոնյա, որքան էլ բարձր լինի նրա քաղաքական մանդատը, իրավասու չէ դատել, արժեզրկել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը, եթե այդ ինստիտուտը գործում է իր սահմանված կանոններով ու իրավական դաշտում։ Երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները արժեք չունեն, նա փաստացի հանդես է գալիս որպես վերահաստատող ատյան՝ մի դերով, որը Սահմանադրությունը նրան չի տվել։ Սա ոչ միայն լիազորությունների սահմանազանցում է, այլև ուղերձ, որ պետական իշխանությունը պատրաստ է սեփական քաղաքական նպատակին ենթարկել յուրաքանչյուր ինքնուրույն համակարգ՝ անկախ նրանից, թե այդ համակարգը ինչ դեր ունի ազգային ինքնության, հանրային վստահության և պատմական շարունակականության մեջ։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ եղած առաջնորդի հետ։ Թեև նման քայլը կարող է ներկայացվել որպես անձնական հավատքի կամ անհատի վերաբերմունքի դրսևորում, քաղաքական իրականության մեջ այն ունի հստակ սիմվոլիկ ու կառավարչական նշանակություն։ Երբ իշխանության առաջին դեմքը ցուցադրաբար կանգնում է կանոնական կարգով կայացված որոշման հակառակ կողմում, այն ընկալվում է որպես ազդակ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը կարող է վերանայվել քաղաքական հովանավորչությամբ։ Սա արդեն պետություն–եկեղեցի սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և ներսից պառակտում հրահրելու վտանգավոր նախադրյալ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի արձագանքն այս զարգացումներին ավելի սուր ձևակերպում է խնդրի իրավական էությունը։ Նրա գնահատմամբ, երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը, այլև սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը պարզապես անհամաձայնության կամ քննադատության մասին չէ։ Խոսքը փորձի մասին է՝ քաղաքական հայտարարությամբ չեղարկել ինքնուրույն ինստիտուտի իրավական գործողություն և փաստացի հաստատել նոր կանոն՝ ով ունի քաղաքական ուժ, նա էլ որոշում է, թե ով որտեղ պետք է ղեկավարի։

Այսպիսի տրամաբանությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու համար։ Այն վտանգավոր է պետական կառավարման ամբողջ համակարգի համար, որովհետև նույն մեխանիզմով վաղը կարող է արժեզրկվել ցանկացած այլ ինստիտուտի ինքնուրույնություն՝ դատարանների, համալսարանների, համայնքների, մասնագիտական կառույցների, նույնիսկ պետական մարմինների ներսում կանոնակարգված հարաբերությունների։ Երբ իրավունքի տեղը զբաղեցնում է քաղաքական կամքը, ամեն ինչ դառնում է հարաբերական, պայմանական և կախված պահի շահից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ կազմակերպություն, որևէ ներդրող կամ պետական ծառայող չի կարող ունենալ կայունության և կանխատեսելիության վստահություն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատականը, թե հակաեկեղեցական արշավին միացած որոշ հոգևորականների պատկերացրած «նորոգումը» իշխանության ներսում հաստիքային աշխատակից դառնալն է, իր մեջ ընդգծում է ևս մեկ վտանգ՝ Եկեղեցու ներքին կյանքի քաղաքականացման խորացումը։ Եթե Եկեղեցու ներսում ձևավորվում են խմբեր, որոնք իրենց ազդեցության աղբյուրը տեսնում են ոչ թե կանոնական կարգում և հովվական հեղինակության մեջ, այլ իշխանության հովանավորչության, վարչական ռեսուրսի և ուժային մեխանիզմների աջակցությամբ, ապա վտանգը դառնում է երկակի՝ մի կողմից պետությունը ներխուժում է Եկեղեցու ներքին դաշտ, մյուս կողմից Եկեղեցու ներսից ձևավորվում են լծակներ, որոնք վերածվում են պետության քաղաքական տեխնոլոգիաների շարունակության։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ երկու կարգերը՝ կանոնականը և սահմանադրականը, սկսում են ստորադասվել քաղաքական քմահաճույքին։ Իսկ դա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է, որովհետև ճգնաժամը սկսվում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է լինել ընդհանուր պարտադիր չափանիշ և վերածվում է ընտրովի գործիքի։ Այսպիսի պայմաններում հասարակությունն անխուսափելիորեն կանգնում է պարզ, բայց հիմնարար ընտրության առաջ՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ կամայականությամբ։

Հայաստանում պետականության ամրությունը երբեք չի կառուցվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնյայի կամքի վրա։ Այն կառուցվել է ինստիտուտների կայունության, հանրային վստահության և իրավական կանխատեսելիության վրա։ Եվ եթե այսօր թույլ տրվի, որ գործադիր իշխանությունը փաստացի սահմանազատի, թե Եկեղեցին ում է նշանակում, ում է պաշտոնազրկում և ինչ որոշումներն են ուժ ունեցող, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում՝ վերածելով պետությունը ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության տարածքի։ Իսկ այդ դեպքում խնդիրը լինելու է ոչ թե միայն Եկեղեցու շուրջ զարգացումները, այլ Հայաստանի պետական համակարգի դիմադրողականությունը՝ ներսից քայքայման վտանգի սպառնալիքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular