Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն կտա՞ն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը մտադիր է նոր պաշտոնի նշանակել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին, որին խայտառակ կերպով հեռացել էր՝ ընդամենը «Վոթսափով» հաղորդագրություն ուղարկելով։ Քյարամյանը ներկայումս հերքում է տեղեկությունները, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարգության ստուգման գործընթաց է իրականացվում։ Ներկայումս իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն հիմնած Քյարամյանը պնդում է, թե իրեն ավելի լավ է զգում մասնավոր հատվածում, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտադիր է բարձր պաշտոնի նշանակել իր իշխանության օրոք սրընթաց կարիերա արած Արգիշտի Քյարամյանին։
Վերջինս նշենք՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի որդին է և առաջ է գնացել բացառապես այդ հանգամանքով պայմանավորված։ Առաքել Սրբազանն էլ Նիկոլ Փաշինյանի ջերմ կողմնակիցներից մեկն է դարձել և աջակցում է Փաշինյանի «բարենորոգման» շարժմանը։ Թեպետ վերջին շրջանում նա ակտիվ չի երևում և հայտարարություն ստորագրած 10 եպիսկոպոսների թվում էլ չկա, ակնհայտորեն, Փաշինյանը ցանկանում է վերջինիս ևս ներգրավել իր ծրագրերում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարգության ստուգման գործընթաց, իսկ դա կարող է կատարվել միայն երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար։ Եվ հաշվի առնելով, որ Քարամյանը ներկայումս պաշտոն չի զբաղեցնում, ակնհայտ է, որ նրան փորձում են ինչ-որ նոր պաշտոնի նշանակել։
Թե որն է, մեր աղբյուրն առայժմ չի հայտնում, բայց և չի բացառվում, որ Քյարամյանին վերադարձնեն Քննչական կոմիտե կամ էլ Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախագահի կարգավիճակով։ Ի դեպ, իշխանությունը դեմ չէ Քյարամյանին դարձնել նաև գլխավոր դատախազ՝ հաշվի առնելով Աննա Վարդապետյանի նկատմամբ գործող իշխանությունների և հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների խորը դժգոհությունը։ Վարդապետյանը սկսել է երբեմն-երբեմն չենթարկվել Փաշինյանին, ինչն էլ լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխող թիմի կազմում։
Լալա Սարգսյան