Թրամփը խոստանում է՝ Թուրքիան F-35-երը երբեք չի կիրառի Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ինչին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։ Այս ընթացքում Թրամփը խոսել է նաև Թուրքիայի մասին՝ վերջինիս նախագահին անվանելով «բարեկամ», գրում է ermenihaber.am-ը:
Թրամփը, պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր բախման հավանականության վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է․
«Ես նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ շատ լավ բարեկամն է։ Ես նրան հարգում եմ։ Բիբին (Իսրայելի վարչապետը) ևս նրան հարգում է։ Նրանց միջև խնդիր չի առաջանա, խնդիր չենք ունենալու»։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ՝ անդրադառնալով դրանց՝ Իսրայելի դեմ հնարավոր կիրառման հավանականությանը։
«Մենք դա դիտարկում ենք ամենայն լրջությամբ։ Նրանք դա երբեք չեն կիրառելու Իսրայելի դեմ, ես խոսք եմ տալիս»,- եզրափակել է Թրամփը։