«Հայաստանը վերահսկում է Թուրքիայի «գորշ» iGaming շուկայի մինչև 60%-ը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքական «Yeni Şafak» թերթը հրապարակել է Papara-ի (թվային վճարային ծառայություններ մատուցող ընկերություն) գործի հետաքննության արդյունքները և անանուն վկայի ցուցմունքը օֆշորային խաղատների գործունեության վերաբերյալ, գրում է ggate.media–ն: Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Թուրքիայում ձերբակալվել էր Papara-ի հիմնադիր և նախագահ Ահմեդ Ֆարուկ Քարսլին և ևս 12 անձ: Նրանք մեղադրվել են անօրինական խաղային գործունեության մեջ: Հետաքննիչները պարզել են, որ Papara-ի 26 012 հաշիվներում կատարվել է 330 միլիոն դոլարի ընդհանուր գումարի գործարքներ: Այդ հաշիվներն օգտագործվել են 102 առցանց խաղատների կողմից: Պարզվել է, որ անօրինական օպերատորների տեխնիկական ենթակառուցվածքները գտնվում են մի շարք երկրներում՝ Հյուսիսային Կիպրոս, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Ուկրաինա, Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իսրայել, Բրազիլիա: Օֆշորային կայքերը, ենթադրաբար, գործարկվում են BETCO կամ PRONET ընկերությունների միջոցով: Նման «ստարտափի» արժեքը կազմում է 50,000-100,000 եվրո, սեփականատերը պարտավոր է միջնորդներին վճարել խաղացողների վնասների մոտավորապես 20%-ը։ Հետևյալ մատակարարներն են ներգրավված արտասահմանյան iGaming կայքերի շահագործման մեջ.
–Շվեյցարական Betradar — սպորտային տվյալներ և գործակիցներ,
–Շվեդական Evolution Gaming — ուղիղ խաղատան ծառայություններ,
–Հայ-բրիտանական Betconstruct — օպերատորների համար նախատեսված տեխնիկական հարթակ։
Վկայի խոսքով Թուրքիայում արտասահմանյան օպերատորների 60%-ը վերահսկվում է Հայաստանի հետ կապված խմբերի կողմից։ Ամեն ամիս երկրից դուրս է գալիս մոտ 10 միլիոն եվրո կրիպտոարժույթ, իսկ տարեկան վնասները հասնում են 1.8 միլիարդ եվրոյի։ Այսինքն Հայաստանը վերահսկում է Թուրքիայի «գորշ» iGaming շուկայի մինչև 60%-ը։
Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում անօրինական խաղադրույքները դարձել են համակարգային։ Դա հաստատվում է երկրում վերջերս պայմանավորված խաղերի սկանդալով և արտասահմանյան ընկերությունների աճի վերաբերյալ նոր տվյալներով։ Papara-ի հետաքննության համաձայն պարզ է դառնում, որ այդ շուկան վաղուց է վերածվել անօրինական ցանցի, որը հենվում է օտարերկրյա իրավասությունների և խաղային մատակարարների վրա: Թուրքիայի համար դա նշանակում է ոչ միայն հարկային եկամուտների կորուստ՝ տարեկան մոտ 1.8 միլիարդ դոլար, այլ նաև ֆինանսական հոսքերի վերահսկողության կորուստ: Իշխանությունները պետք է ընտրություն կատարեն վերահսկողության խստացման և տեղական շուկայում «գորշ» օպերատորների հետագա ընդլայնման ռիսկերի միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am