Ի՞նչ նորություններ կան 6-ամյա երեխայի մաhվան գործով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան երկու ամիս առաջ MediaHub-ը հայտնել էր Բյուրեղավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Հոկտեմբերի 13-ին մահացել էր 6-ամյա երեխա, ով դրանից մոտ մեկ շաբաթ առաջ խաղահրապարակում ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ։ Երեխան մի քանի օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվել էր հիվանդանոցում, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքը տեղի էր ունեցել Բյուրեղավանի 1-ին «Բ» թաղամասի խաղահրապարակում․ մետաղական կարուսելի ծանր կոնստրուկցիան շրջվել էր և ընկել երեխայի վրա՝ պատճառելով գլխի ծանր վնասվածք։
Ո՞վ է պատասխանատու այս ողբերգության համար։ Ավելի վաղ Բյուրեղավանի համայնքապետարանի տեղեկատվության բաժնից MediaHub-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Սակայն արդեն ավելի քան երկու ամիս է անցել սարսափելի դեպքից, և այս ընթացքում Քննչական կոմիտեից որևէ հրապարակային արձագանք չի եղել։
MediaHub-ը դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ մանրամասներ են հայտնի նախաքննության շրջանակում, բացահայտվե՞լ են արդյոք պատասխանատու անձինք, կա՞ն հարցաքննվածներ, թե ոչ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Իսկ հարցաքննվածների առկայության վերաբերյալ կոմիտեից չեն պատասխանել՝ մեկնաբանելով, որ հարցաքննությունների մասին տեղեկություն տրամադրել չեն կարող։