Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գրչապտտում խաղ
ՖՈՏՈԳրիչապտտումը՝ պենսպիննինգը (հայտնի է նաև որպես «գրիչի պտտում») գրելու գործիքով կամ նմանատիպ առարկաներով մեկ կամ երկու ձեռքերով աճպարարությունն է։ Դա իրականացվում է գրիչներով, մատիտներով կամ մարկերներով, ինչպես նաև ստեղծվում են նմանատիպ այլ գործիքներ տրյուկները առավել արտահայտիչ իրականացնելու համար։ Այդ վերջին տեսակի «գրիչը» կոչվում է «մոդ»։ Գրիչապտտումը ունի հինգ հիմնական հնարք՝ «ThumbAround», «FingerPass», «Charge», «Sonic» և «Wiper»։ Սա մի տեսակ և հոբբի է և մինի սպորտաձև:
Մարդիկ մատներով գրիչներ ու մատիտներ են պտտեցրել «գրիչապտտում» բառի ստեղծումից դեռ շատ առաջ։ Ուսուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ՝ գրեթե բոլորը «կտտացնում» էին գրիչը, պտտեցնում այն մատի վրա կամ կատարում պարզ շարժումներ՝ ձեռքերը զբաղված պահելու համար։ Բայց այն ժամանակ դա հոբբի չէր համարվում, դա հասարակ շարժում էր, ինչպես տերողորմյա, բանալիներ կամ մետաղադրամ պտտեցնելը։
Պենսպիննինգի առաջին հնարքները ի հայտ են եկել 1970-1980-ականներին: Ճապոնիան և Հարավային Կորեան այն առաջին երկրներն էին, որոնք դա ճանաչեցին որպես հմտություն։ Այնտեղի ուսանողները հորինեցին պարզ հնարքներ՝ գրիչը պտտեցնել բութ մատի շուրջը, մատների միջև, ափի մեջ։ Ոմանք այդ շարժումները գրում էին տետրերում՝ սովորելու և ուրիշներին սովորեցնելու համար, բայց դա դեռևս չուներ պաշտոնական անվանում։ 1990-ականներին ի հայտ են եկել գրիչապտտումով զբաղվող խմբեր նոր գաղափարներով: Նրանք սկսել են ձևափոխել գրիչներն ու մատիտները՝ երկարացնել, ծայրերին քաշ ավելացնել, բռնակը սիմետրիկ դարձնել և այլն: Մի խոսքով հայտնվել են առաջին «մոդերը», որոնք բարելավել են գործիքի հավասարակշռությունը և հնարավորություն տվել ավելի բարդ հնարքներ կատարել։
Ճապոնիայի և Կորեայի դպրոցներում աշակերտները միմյանց էին փոխանցում հնարքները՝ որպես մինի-հմտություններ, սակայն դեռևս գլոբալ շարժում չկար, քանի որ չկար համացանց։ Հենց համացանցը 2000–2006 թվականներին հեղափոխություն կատարեց ազդարարելով նոր սպորտաձևի ծնունդը, ի հայտ եկան համացանցային ֆորումներ։ PDS–ը կորեական գրիչ պտտողների առաջին խոշոր համայնքն էր, ապա առաջացավ UPSB–ն՝ միջազգային ֆորումը: Վերջինս միավորեց Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Ռուսաստանից և այլ վաայրերից բազմաթիվ մարդկանց։ Իսկ ահա YouTube-ի (2007–2015) ի հայտ գալուց հետո գրիչապտտումը դարձավ իսկապես գլոբալ։ Հենց YouTube-ի շնորհիվ այն դարձավ տեսողական արվեստ՝ բարձրորակ մոնտաժներ, երաժշտություն և թիմային շարժումներ։
Ներկայումս շատ «մոդեր» վաճառվում են պատրաստի. անհրաժեշտ չէ, որ դրանք ինքներդ ստեղծեք։ Գրչպտտման մրցույթները դարձել են փողոցային ոճ + արվեստ + հնարքների համադրություն, ինչպես ֆինգերբորդինգը կամ սպիդքաբինգը։
Պենսպինինգը Հայաստան է եկել համացանցի միջոցով հիմնականում
YouTube-ի, UPSB ֆորումի և ռուսական համայնքների շնորհիվ։ Հայաստանում այսօր կա փոքր, բայց ակտիվ համայնք, որը տարածված է հիմնականում TikTok-ում, Instagram Reels-ում, Telegram փոքր խմբերում, Discord փոքր սերվերներում։
Չնայած համայնքը մեծ չէ, բայց մակարդակը միջինից բարձր է՝ շնորհիվ միջազգային ուսուցողականների։ Դպրոցներում պենսպինինգը բավական հայտնի է՝ հատկապես 12–17 տարիքային խմբում։ Հաճախ կարելի է հանդիպել «մասնագիտական» մոդինգի՝ մարդիկ հատուկ գնում են հարմար գրիչներ, ժապավեններ, գնդիկներ, քաշեր։
Կ. Խաչիկյան