ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք՝ Գյումրիում․ տղամարդու դի է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքում ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Եդիգարյանը։

Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular