Ռուսաստանը կարող է միանալ «Թրամփի երթուղուն»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄոսկվան պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի հետ «Թրամփի երթուղի» նախագծի շուրջ և քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, գրում է vestikavkaza.ru–ն։ «Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», - ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ նախագծին Ռուսաստանի մասնակցության համար բավարար հիմքեր կան. «Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է»։
Նա հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա և «տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը»։
Դիվանագետը նաև նշել է, որ «Թրամփի երթուղին» մեծամասամբ կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով: «Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - ասել է նա։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ) հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիչինը vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրուցում նշել է ռուսական նոր նախաձեռնության բնական լինելու մասին՝ հաշվի առնելով Մոսկվայի հիմնարար հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։
«Ռուսաստանի շահագրգռվածությունը ոչ այնքան «Թրամփի երթուղուն» միանալն է, որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնարար խթանումը։ Նախագիծը, որը սկզբում կոչվում էր Զանգեզուրի միջանցք և այժմ իրականացվում է նոր անվամբ՝ «Թրամփի երթուղի», հիմնված է Ռուսաստանի Դաշնության կողմից տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու առաջարկի վրա, որը նա արել էր հինգ տարի առաջ՝ Ղարաբաղյան պատերազմից հետո», - ասել է նա։
«Հետևաբար, Միխայիլ Կալուգինի՝ TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Երևանի հետ խորհրդակցելու գաղափարը Մոսկվայի ուշադրության լիովին բնական դրսևորում է այն կոնկրետ տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կենտրոնացած են Ռուսաստանի կենսական շահերը, և այն լոգիստիկ նախագծի նկատմամբ, որը ժամանակին մշակվել է ռուսական կողմից», - շարունակել է Ստանիսլավ Պրիչինը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը կհամաձայնվեն Ռուսաստանի մասնակցությանը «Թրամփի երթուղուն»։ «Դեռևս պարզ չէ, թե ինչպես այդ նախագիծը կիրականացվի։ Տեղեկություններ չկան այն մասին, թե որ ամերիկյան ընկերություններն են աշխատելու Սյունիքի մարզում, ինչ պայմաններով են նրանք ստանալու հողատարածքներ և ներդրումներ։ Հետևաբար, վաղաժամ է քննարկել նախագծի տեխնիկական կողմերը։ Սակայն պարզ է, որ Ռուսաստանին, հավանաբար, թույլ չեն տա մասնակցել գործնական աշխատանքներին», - նշել է նա:
«Չնայած նրան, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը տիրապետում և շահագործում է հայկական երկաթուղիները, ռուսական ընկերությունը չի հրավիրվի «Թրամփի երթուղի» երկաթուղու կառուցմանը։ Հայ-ամերիկյան նախագծի ամբողջ գաղափարն այն է, որ հետաքրքրություն առաջացնի որոշակի ամերիկյան ընկերությունների մոտ և ԱՄՆ-ին ֆինանսական խթան տա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար», - եզրափակել է Ստանիսլավ Պրիչինը։