Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով Կառավարությունն առաջարկում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ նաև առաջարկվում է ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված համահարթեցում կատարել: Այսօրվա դրությամբ առաջին և երկրորդ երեխայի համար տրվող 300000, երրորդ ու չորրորդ երեխայի համար տրվող 1 մլն և հինգերորդ ու հաջորդ երեխայի համար տրվող 1.5 մլն դրամի փոխարեն բոլորի համար առաջարկվում է սահմանել նույն չափը՝ 500000 դրամ:
Առաջարկվում են նաև այլ փոփոխություններ: Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին: