Ի՞նչ գիտի դեկանը մանկավարժական համալսարանի ինքնասպանություն գործած ուսանողուհու մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Անակնկալ բան եք ասում, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, Ջուլիետա Կարապետյանը առկա համակարգում էր սովորել և պետական քննությունն անբավարար էր ստացել: Բողոքարկեց քննության արդյունքները, սակայն ոչինչ չփոխվեց»:
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը՝ անդրադառնալով ինքնասպանություն գործած Ջուլիետայի Կարապետյանին, ով սովորում էր բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսում:
Իսկ համաձայն տարածված տեղեկությունների, թե ուսանողուհին դասախոսներից մեկի հետ կոնֆլիկտ է ունեցել, դեկանը նշեց. «Ես խոսել եմ իմ տեղակալի, կուրսի ավագի հետ, բայց ուսանողուհին որևէ կոնֆլիկտ չի ունեցել: Միջին որակի սովորող երեխա էր, և եթե խնդիրներ ունենար դասախոսներից որևէ մեկի հետ, ավագը ինձ կասեր կամ նա անձամբ կտեղեկացներ և դա ես չէի հանդուրժի»:
Դեկան Յուրի Դավթյանի խոսքով՝ տարբեր կարծիքներ են հնչել ուսանողուհու մահվան վերաբերյալ. «Ասում են, որ 8-րդ հարկից լվացք փռելու ժամանակ է ընկել: Չգիտեմ, ինձ համար շատ ցավալի է, բայց չեմ կարծում, որ որևէ դասախոսի դրդմամբ է եղել, քանի որ պետական քննություններից արդեն մի քանի ամիս է անցել»:
Բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողները հունիսի 7-ին պետք է դիպլոմ ստանային, սակայն Ջուլիետա Կարապետյանը չէր ստանալու քանի որ քննությունն անբավարար էր ստացել:
Հիշեցնենք, որ Shamshyan.com լրատվական կայքը գրել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել: