Ալբերտը եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ալբերտը եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը։
«Աստղերի ծով միացավ Ալբերտին #JESC2025 բեմում, երբ նա փորձեր էր «Brave Heart» երգը»,- այսպես է նկարագրված Ալբերտի ելույթն ուղեցող լուսանկարները՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Ալբերտը ներկայացնում է «Brave Heart» երգը, որը երազանքի մասին է և պատմում է այն պայծառ ու վառ ճանապարհի մասին, որը տանում է մեզ դեպի մեր երազանքները։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։
«Նա է առաջ, ում սիրտն է քաջ», - երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որը գալիս է տիեզերքից ու աստղերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
