ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք կկատարվի Հայաստանը Ամերիկայի «թվային» գաղութի վերածելու ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Firebird ստարտափը ԱՄՆ իշխանություններից թույլտվություն է ստացել Nvidia չիպեր արտահանել Հայաստան՝ 100 մեգավատտ հզորությամբ տվյալների կենտրոնի և գերհամակարգչի կառուցման համար, գրում է fondsk.ru–ն։ Սկզբնական ներդրումները գնահատվում են 500 միլիոն դոլար։ Կենտրոնում նախատեսվում է օգտագործել Dell Technologies Inc.-ի արհեստական ​​բանականության սերվերները և Nvidia-ի Blackwell պրոցեսորները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Google-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության թվայնացումը Google Arts & Culture-ի միջոցով և ամերիկյան տեխնոլոգիաները հայկական էկոհամակարգում ինտեգրելու այլ հնարավորությունները։ Google-ը վերջին տարիներին «ազգային անվտանգության շահերից ելնելով» ակտիվորեն համագործակցում է հետախուզական գործակալությունների և Պենտագոնի հետ նրանց հնարավորություն տալով օգտագործել արհեստական ​​բանականությունը։

Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի խոսքով նախագծի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի երկրորդ եռամսյակում: Firebird-ը Nvidia-ի գործընկեր ընկերություններից մեկն է, որը կառուցում է հզոր տվյալների կենտրոններ ամբողջ աշխարհում այդպիսով խթանելով արհեստական ​​բանականության օգտագործումը և դրա համար անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը։ «Մենք կառուցում ենք տեխնոլոգիական շերտ, որը թույլ է տալիս ամբողջ աշխարհի ինժեներներին, հետազոտողներին և երազողներին ստեղծագործել օգտագործելով համաշխարհային մակարդակի գործիքներ», - ասում է նա։

Ընկերության մյուս համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով Firebird տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում հիմք է դնում ժամանակակից թվային և արհեստական ​​բանականության էկոհամակարգի համար, որը կարող է զարգացնել տեղական տաղանդը և ներգրավել միջազգային նորարարությունները: Ակնկալվում է, որ Հայաստանը կստանա նոր Firebird համալիրի հզորության մոտ 20%-ը, իսկ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերություններին։

Firebird-ը նախատեսում է համալիրի առաջին փուլը ֆինանսավորել պարտքային և բաժնետիրական ներդրումների միջոցով։ Հովակիմյանի խոսքով ընկերությունը աջակցություն է ստանում Moderna Inc.-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանից, բայց չի նշել նախագծում ներգրավված այլ ներդրողների անունները։

Firebird-ը նախատեսում է գործել զարգացած միջուկային, հիդրոէլեկտրակայանների և արևային էներգիայի ռեսուրսներ ունեցող տարածքներում, իսկ ատոմային էներգիան հասանելի է Հայաստանում, 100 մեգավատտ հզորությամբ այդ համալիրը կպահանջի նույնքան էլեկտրաէներգիա, որքան պետք է  մոտավորապես 75,000 տան։

Այս հզորությունը թույլ կտա ամերիկացիներին իրականացնել տարածաշրջանում որսացված տվյալների լայնածավալ մշակում։ Կենտրոնի տեղակայումը Հայաստանում ամերիկացիներին հնարավորություն է տալիս մուտք գործել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի հսկայական տեղեկատվական ռեսուրսների և տվյալների հոսքերին, ինչը կասկածի տակ է դնում 2022 թվականի ապրիլին ստորագրված տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին ռուս-հայ միջկառավարական համաձայնագիրը։

Կարծիք կա, որ առաջարկվող Firebird տվյալների կենտրոնը նպատակաուղղված կլինի, և ոչ պակաս կարևոր, հետախուզական տվյալների մշակման և որոշումների կայացման ավտոմատացմանը, քանի որ «Trump Roads» նախագիծը (կամ «Զանգեզուրի միջանցքը») իրականացվում է Սյունիքի մարզի միջոցով՝ Իրանի հետ սահմանին, որտեղ գործելու է «միջազգային» մասնավոր ռազմական ընկերություն։

Վերջերս Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ստուգել է վրաց-հայաստանյան սահմանին գտնվող Սադախլոյի անցակետը։ Միացյալ Նահանգներից ներմուծված թվային սարքավորումները նույնպես ինտեգրվում են հանրապետության մաքսային և սահմանային վերահսկողության համակարգերում և ամերիկացիներին հնարավորություն են տալիս վերահսկել ապրանքների հոսքը, այդ թվում ԵԱՏՄ մաքսային գոտում, որը ներառում է նաև Հայաստանը։ Վաշինգտոնը հույսը դնում է փոքր երկրի «թվային» զավթման և նրա տարածքը հետախուզական փորձարկումների և ռազմական նախապատրաստման վայրի վերածելու վրա։

Գերհզոր տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը պահանջում է հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա, որը միայն ատոմակայանը կարող է ապահովել: Այդ նպատակով ԱՄՆ-ը համառորեն առաջարկում է Երևանին կառուցել մինի-ԱԷԿ՝ չապացուցված տեխնոլոգիայով: Իսկ եվրոպացի դիվանագետներն ու թուրքական սահմանային իշխանությունները պատրաստվում են հետաքննել «շրջակա միջավայրին հասցված վնասը» Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից, որը արդիականացվել է «Ռոսատոմի» մասնագետների կողմից։

2023 թվականի դեկտեմբերին «Հայկական ԱԷԿ» ԲԲԸ-ն շրջանակային պայմանագիր է կնքել «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ, որը «Ռոսատոմ»-ի արտասահմանյան ատոմակայանների համար ծառայությունների առաջարկի ինտեգրատորն է, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի կյանքի ժամկետը երկարաձգելու միջոցառումների համալիրի վերաբերյալ: Մարտի 26-ին Սոչիում կայացած «Ատոմեքսպո 2024» ֆորումում կողմերը պայմանագիր են կնքել ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային խցիկի սառեցման համակարգի արդիականացման և սարքավորումների մատակարարման վերաբերյալ: «Ռոսատոմի» ղեկավարի առաջին տեղակալ և զարգացման և միջազգային բիզնեսի ստորաբաժանման տնօրեն Կիրիլ Կոմարովը նշել է, որ պետական ​​կորպորացիան պատրաստ է կատարել պատվերը, իսկ հայկական կողմը համաձայնել է կառուցել ցանկացած հզորության նոր ատոմակայան։

«Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը կլինի փոքր մոդուլային ռեակտոր, - վերջերս հաստատել է Փաշինյանը խորհրդարանում «կառավարական ժամի» ժամանակ,– այդ հարցում քաղաքական բաղադրիչ չկա։ Մենք պետք է ընտրություն կատարենք հիմնվելով առևտրային և տնտեսական նպատակահարմարության վրա։ Ընթացքի մեջ են էական քննարկումներ, մեր մասնագետները այցելում են կամ կայցելեն այլ երկրներ, և հաջորդ մեկ-երկու տարվա ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք և ստորագրենք համապատասխան համաձայնագիրը»։ Ավելի վաղ՝ 2024 թվականի սեպտեմբերին, վարչապետը հայտարարել էր, որ Երևանը ռազմավարական որոշում է կայացրել մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ հավելելով, որ նման տեխնոլոգիաներ մշակվում են Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հարավային Կորեայում, և ընդգծելլ էր, որ Միացյալ Նահանգները «ավելի մեծ առաջընթաց» է գրանցել այդ ոլորտում։ Օգոստոսի 8-ին էլ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին Հայաստանի հետ կիսվելու մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով։ Հանդիպումից հետո ստորագրվել են երեք հուշագրեր Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության զարգացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ։ Փաշինյանի խոսքով էներգետիկայի մասին հուշագիրը նախատեսում է համագործակցության զարգացում առաջադեմ ատոմային էներգիայի տեխնոլոգիաների և էներգիայի կուտակման տեխնոլոգիաների ներդրման ոլորտներում։

Կասկած չկա, որ ամերիկացիները պայմանագիր կկնքեն Հայաստանում մինի-ատոմակայան կառուցելու համար։ Ատոմակայանի էլեկտրաէներգիան կմատակարարի տվյալների կենտրոն, որի հզորության միայն մեկ հինգերորդը, ինչպես արդեն նշվեց, որոշակիորեն կծառայի երկրի կամ որոշակի ներկայացուցիչների կարիքներին։ Ի դեպ, հնարավոր է, որ «առաջադեմ» տեխնոլոգիաները կօգտագործվեն 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների «ճիշտ» հաշվարկն ապահովելու համար։ Իսկ ավելի լայն համատեքստում, Հայաստանի պետական ​​​​մարմիններից և բանկերից տվյալների, այդ թվում գաղտնի տվյալների, ինչպես նաև Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ զգայուն տեղեկատվության պահպանումը, որոնցից անկասկած օգտվում է Հայաստանը, տվյալների կենտրոնում կարող է հանգեցնել արտահոսքերի և այլ խնդիրների։

Ընդհանուր առմամբ, Ամերիկայի հավակնոտ ծրագրերը Հայաստանում ուղղված չեն երկրին օգուտ բերելուն, այլ Հարավային Կովկասում հզոր ռազմական և հետախուզական կենտրոնի ամրապնդմանը և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցմանը։ Այս իրավիճակում Հայաստանը նույնիսկ իր ամենավարդագույն երազներում չի էլ կարող երազել թվային, էներգետիկ կամ ռազմական ինքնիշխանության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular