Զելենսկիի՝ The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատը երկու անգամ հոսանքազրկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգին տված հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատը երկու անգամ հոսանքազրկվել է, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Հրապարակված տեսանյութից երևում է, որ զրույցը սկսվում է հենց այն պահին, երբ լույսերը հանկարծակի անջատվում են։ Լրագրողն արձագանքում է. «Օ՜, Աստված իմ, էլեկտրաէներգիան անջատվե՞լ է»։ Դրանից հետո էլեկտրամատակարարումն արագորեն վերականգնվել է։ Ավելի ուշ էլեկտրաէներգիան երկրորդ անգամ անջատվել է։ Զելենսկին ժպիտով արձագանքել է. «Տեսնո՞ւմ եք, սա կյանք է», և առաջարկել շարունակել զրույցը առանց թարգմանչական սարքերի, որոնք առանց էլեկտրաէներգիայի չեն աշխատել։ Նոյեմբերի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը 503 հարվածային անօդաչու թռչող սարքերով և տարբեր տեսակի հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Հարվածներն ուղղված են եղել Կիևի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հաղորդվել է, որ գիշերը ռուսական հարվածների հետևանքով Խարկովի և Կիևի մարզում երկու ջերմաէլեկտրակայաններ դադարեցրել են աշխատանքը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի