Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել
ՍՊՈՐՏ«Մխիթարյանը շատ համեստ է, որոշ դեպքում նույնիսկ ամաչկոտ: Եվ շատ խելացի է». Հետխորհդային տարածքի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույց է հրապարակել «Российская Газета»-ն:
Հեղինակը նշում է, որ հարցազրույցն արել է Հայաստանի հավաքականի բազայում: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, ոչ միայն խաղերի, այլև տարբեր միջոցառումների մասնակցության, Հենրիխը զգոն է, յուրաքանչյուր հարցին պատասխանում է մտածելով: Նույնիսկ հասցնում է բազմաթիվ երկրպագուների կողմից ուղարկված լուսանկարների վրա ստորագրել:
«Ինչպես երևում է, Հենրիխը ժամանակ հատկացնում է բոլորին ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս»,-գրում է հեղինակը:
Լրագրողը հայտնի ֆուտբոլիստից հետաքրքրվել է նաև իր կարդացած գրքերի մասին:
-Հայտնի է, որ դու շատ ես սիրում գրքեր կարդալ: Դրանցից մեկը քեզ խորհուրդ էր տվել «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեծ դեր է խաղացել քո կյանքում: Կարո՞ղ ես պատմել դրա մասին:
-Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ փոխել է կյանքս: Այո՛, օգնել է ինձ: Դա «Բորուսիա»-ում երկրորդ մրցաշրջանից հետո էր: Այդ տարին շատ բարդ էր ինչպես ինձ համար, այնպես էլ՝ թիմի: Երբ Տուխելը «Բորուսիա» եկավ, ինձ հետ առանձին խոսեց: Նա ինձ ասաց. «Հենրի՛խ, դու պետք է 10 գոլ խփես և 15 գոլային փոխանցում կատարես»: Արդյունքում, ես խփեցի 23 գոլ և դարձա 32 գոլային փոխանցման հեղինակ: Նա ինձ խորհուրդ տվեց կարդալ «Ներքին խաղը թենիսում» գիրքը: Այն պատմում է անհատական կատարելագործման և պրոֆեսիոնալ ծրագրերի մասին: Կարծես հատուկ ինձ համար էր գրված: Նախկինում բացթողումների համար ես ուժեղ ապրումներ էի ունենում, քննադատում էի ինձ ցանկացած սխալի համար: Բայց այդ գիրքն ինձ շատ բան սովորեցրեց: Հիմա ավելի հեշտ եմ տանում նման պահերը, և դա ինձ օգնում է: