Բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
ԻՐԱՎՈՒՆՔՀոկտեմբերի 25-ին կեսգիշերին Դավթաշենում Շմավոն Աթոյանի սպանության գործով մեկ անձ կալանավորված է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կեսգիշերին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է կրակոցներով։ Դեպքի մասին հոկտեմբերի 25-ին հայտնել էր ոստիկանությունը՝ նշելով, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Սպանության գործով մեկ անձ ձերբակալվել էր։
Դեպքից օրեր անց իշխանական բլոգերների տարածած տեղեկություններից պարզ դարձավ, որ Շմավոն Աթոյանն իշխանական բլոգեր էր, ՔՊ տարածքային ստորաբաժանման անդամ էր։ Մամուլում շրջանառվող լուրերով՝ վիճաբանությունն առաջացել է աղջկա հարցի շուրջ։
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: