Անցյալ գիշեր մի շարք մարզերում ցրտահարության պատճառով ծիրանենու այգիները մասամբ վնասվել են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ գյուղատնտեսության նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Մարտի 20-ին լեռնային գոտում եւ նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրեւի տեսքով: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ:
Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետեւանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները: Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի եւ Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը եւ մի քանի համայնքներ: Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռեւս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում:
Այս պահին դեռևս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել: Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետեւ` ջերմաստիճանի զգալի բարձրացում: Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն: