ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ջրի գազավորման սիֆոն

ՖՈՏՈ

Հրաբխային աղբյուրներից ստացված բնական գազավորված ջրերը միշտ էլ գնահատվել են իրենց յուրահատուկ հատկությունների համար։ Նրանց հանգստացնող ազդեցությունը ստամոքսի խանգարման բուժման հայտնի մեթոդ է եղել։ Այնուամենայնիվ, նման հանքային ջրերի պահպանումն ու տեղափոխումը դժվար է։ Հիմնականում այն կարելի էր գտնել միայն դեղատներում։ Գազավորված ջրի մեկ բաժակից կողմնակի ազդեցությունների բացակայությունն էլ, ի տարբերություն այդ ժամանակվա շատ այլ դեղամիջոցների, գիտնականներին դրդել է փնտրել ջրի գազավորման արհեստական անալոգներ ստեղծելու եղանակներ։

Սիֆոնը ջրի, հյութերի և այլ խմիչքների գազավորման սարք է։ Դա հերմետիկորեն փակվող կափարիչով անոթ է, որի մեջ լցնում են խմիչքը, ճնշմամբ միախառնում ածխաթթու գազ, որը մասնակիորեն լուծվում է խմիչքի մեջ՝ գազավորելով այն։ Չլուծված գազն անոթում ստեղծում է ավելցուկային ճնշում՝ ձգտելով դուրս մղել հեղուկն անոթից։ Սիֆոնի ծորակը բացելիս խմիչքը հեղուկաթափ կարճախողովակով լցվում է բաժակի մեջ։

Անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլին առաջինն էր, ով 1767 թվականին ստեղծել է արհեստական գազավորված ջուր։ Գիտնականը գարեջրի խմորման ընթացքում արտանետվող ածխաթթու գազն էր խառնել մաքուր ջրին, և ջուրը սկսել էր սուլել ու բազմաթիվ փուչիկներ արձակել մակերես։ Հետո 1770 թվականին Շվեդիայից նրա գործընկեր Թորբերն Բերգմանն է հորինել ջուրը ածխաթթու գազով «հագեցնող» սարք, իսկ 1783 թվականին գերմանացի Յոհան Յակոբ Շվեպպեն կատարելագործել է այդ սարքը, որից հետո սկսել է գազավորված ջրի արտադրությունը։

19-րդ դարի սկզբին գիտնականները շարունակել են փորձարկել ջուրը գազով հագեցնելու մեթոդներ առավելագույն արդյունքի հասնելու նպատակով՝ մինչ այն ժամանակը, երբ անգլիացի Չարլզ Պլինտը 1813 թվականին հորինել է սիֆոնը, որը թույլ է տալիս ջուրը չափաբաժիններով գազավորված պահել։ Սակայն այդ սիֆոնային անոթները պետք է գազով լցվեին հատուկ տեղերում։ 1832 թվականին այդ խնդիրը լուծել է բրիտանացի գյուտարար Ջոն Մեթյուզը։ Նա ստեղծել է նոր սիֆոն։ Մեթյուզի նախագիծը պարզ է, բայց գործնական։ Սարքը բաղկացած է կապարապատ խցիկից, որտեղ ծծմբական թթուն խառնվում է կալցիումի կարբոնատի հետ՝ ածխաթթու գազ առաջացնելու համար։ Ապա գազը մաքրվում և ուղարկվում է սառը ջրի բաք, թափահարվում՝ գազը ջրում լուծարելու համար, և խողովակներով ուղարկվում է չափիչ ծորակ։ Բայց այդ գազավորված ջուր ստանալու գործընթացը անվտանգ չէր։ Երբեմն սարքերը պայթում էին՝ անկատար նախագծման և սարքավորումների անվստահելիության պատճառով։ Բայց ժամանակի ընթացքում համակարգը կատարելագործվեց և դարձվեց անվտանգ. արդեն բալոններով մաքրված CO₂ էր մատակարարվում ջրում լուծվելու համար։

Հավանաբար բոլորն են հիշում մայթերին տեղադրված գազավորված ջրի սարքերը։ Նման սարքերի տարածման գագաթնակետը աշխարհում 1920-ական և 1930-ական թվականներին էր, ԽՍՀՄ-ում՝ իհարկե՝ ավելի ուշ։ Այսօր այդ դարաշրջանի սիֆոններ կարելի է գտնել միայն հնաոճ իրերի խանութներում։ Գազավորման սարքերի ժողովրդականությունը սկսել է նվազել 1980-ականների վերջին, քանի որ շշերի և տարաների մեջ փաթեթավորված ըմպելիքներ են մեծ քանակությամբ հայտնվել վաճառքում։ Սակայն մտահոգությունները մնացել են. քչերը գիտեին, թե ինչպես են այդ ըմպելիքները արտադրվում արդյունաբերական մասշտաբով և ինչ է ավելացվում դրանց։ Եվ գազավորման սիֆոնները կրկին վերադառնում են առօրյա կյանք։ Տանը պատրաստված գազավորված ջուրը նման մտահոգություններ չի առաջացնում։

Ներկայումս խանութներում կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի սիֆոններ՝ պատրաստված պլաստիկից կամ չժանգոտվող պողպատից։ Չժանգոտվող պողպատից պատրաստված սարքը համարվում է ավելի հուսալի, և այն նաև ավելի գեղագիտական տեսք ունի։ Ժամանակակից սիֆոնները անվտանգ են. դրանք ունեն հատուկ փական, որը թույլ չի տալիս, որ սարքը պայթի բարձր ճնշումից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular