ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին Հայաստան. անարդարացիորեն մոռացված պատմություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պատմության արմատները հին ժամանակներից են և անքակտելիորեն կապված են ողջ Հին աշխարհի պատմության հետ։ Բայց հաճախ, մանրամասնորեն իմանալով Հռոմի և Հին Հունաստանի պատմությունները, մարդիկ շատ ավելի քիչ են տեղեկացված լինում արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկում հայտնված Հայաստանում հին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Բազմաթիվ պատճառներով դա դասագրքերում չի ներառվել այն չափով, որքան որ պետք է ներառված լիներ։ Փորձենք գոնե մի փոքր շտկել այդ անարդարությունը, գրում է all-collector.livejournal.com-ը։

Արևմտյան Ասիայի հյուսիսում գտնվող Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության առաջացման կենտրոններից է։ Առաջին բնակավայրերն այնտեղ ի հայտ են եկել հին ժամանակներում, իսկ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջից սկսվել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացը։

Այնուամենայնիվ, այն տարածքը, որը բոլոր կողմերից չուներ բնական արգելքներ, բաց էր ոչ միայն առևտրական քարավանների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից եկած բոլոր տեսակի նվաճողների բանակների համար։ Այդ տարածքի ռազմավարական և առևտրային նշանակությունը Միջերկրական և Արևմտյան Ասիայի տերությունների միջև հակամարտությունների պատճառներից մեկն էր։

Հին ժամանակներից Հայաստանը եղել է բազմաթիվ պատերազմների ասպարեզ։ Հայաստանի քարքարոտ ճանապարհներով են անցել ասորիներն ու մարերը, սկյութներն ու կիմերները, պարթևները, հույները և հռոմեացիները։

Հայաստանի մասին առաջին գրավոր հիշատակումներից մեկը կարելի է գտնել հին հույն գրող, պատմաբան և միևնույն ժամանակ մ.թ.ա. 5-րդ դարի հրամանատար Քսենոֆոնի աշխատություններում։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Անաբասիսը» կամ «Տասը հազարի նահանջը», խոր ազդեցություն է թողել հունական և լատինական գրականության վրա։ Աշխատությունը նկարագրում է տասը հազար հույն վարձկան հոպլիտների նահանջը Միջագետքից դեպի հյուսիս՝ դեպի Սև ծով՝ մ.թ.ա. 401-400 թվականներին Կունաքսայի անհաջող ճակատամարտից հետո։ Հույները Հայաստանով են գնացել ծով։

Իր հնագույն պատմության ընթացքում հայկական պետությունը ստիպված է եղել շարունակական պայքար մղել անկախության համար՝ ինչպես իր ամենամոտ հարևանների, այնպես էլ Արևմուտքից և Արևելքից եկած բազմաթիվ կայսրությունների դեմ։ Հայ ժողովուրդը ենթարկվել է Հին աշխարհի և հետագա դարաշրջանների պատմության մեջ հայտնի գրեթե բոլոր նվաճողների հարձակմանը, բայց չի անհետացել՝ պահպանելով իր հավատքը, լեզուն և ավանդույթները։ Նախկին նվաճողները կորել են ժամանակի ընթացքում, բայց Հայաստանը մնացել է։

Հնագիտական գտածոները նույնիսկ ավելի շատ բանի մասին են խոսում, քան գրավոր աղբյուրները։ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերվել են վաղ մշակույթների հետքեր՝ մ.թ.ա. 6-րդ հազարամյակի։ Հնագիտական պեղումները հաստատում են, որ Հայկական լեռնաշխարհի բնակիչները հնում տիրապետել են բազմաթիվ արհեստների։ Արդեն մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներում այստեղ գիտեին պղինձ հալեցնել, իսկ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ երկաթ։ Վարկածներից մեկի համաձայն, այնտեղ հորինվել է երկաթի ձուլման տեխնոլոգիան, ինչը միանգամայն հնարավոր է, քանի որ հենց Հայաստանում են գտնվում հին ժամանակներում լայնորեն կիրառվող մետաղների հանքավայրեր՝ երկաթ, պղինձ, կապար և անագ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular