Հրազդանում 7-ամյա տղան վրաերթի է ենթարկվել ու մահացել ծնողների աչքի առջև
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 4-ի երեկոյան ողբերգություն է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 7 տարեկան երեխայի, որը տեղում մահացել է:
Ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան ծնողների եւ երկու քույրերի հետ կանգնած է եղել մայթին, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել երեխային։
«Ասում են՝ երեխաներ են ճանապարհով անցնելիս եղել, վարորդը ցանկացել է փախցնել մեքենան, որ չհարվածի, բայց այդ երեխային է հարվածել, երեխայի վիզը կոտրվել է, տեղում մահացել է։ Երանի չտեսնեինք էս ամեն ինչը, մենակ հոր ու մոր վիճակը տեսնեինք, ձեռքներին ինչ կար, վերցրին ու սկսեցին հարվածել մեքենայում գտնվողներին»,- պատմեց ականատեսներից մեկը:
Վարորդը ոստիկանությունում է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկողը Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանն է, որը, կայքի տեղեկություններով, եղել է ոչ սթափ վիճակում։