ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունը անմիջապես գոտեպնդեցին ինձ, զգացի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը»․ Մարի Հակոբյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Նա հասցրել է մասնակցել մի քանի տասնյակ մրցույթների, վարպետության դասերի, ելույթ ունեցել տարբեր հեղինակավոր բեմերում։


Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2019–2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022 թ-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Թավջութակահարուհու հետ Past.am-ի այս զրույցի առիթը «Musikverein» համերգասրահում տեղի ունեցած համերգն էր։

– Մարի, հոկտեմբերի 6-ին ելույթ ունեցար Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում կայացած համերգի ժամանակ։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

«Musikverein»-ում համերգը մինչ այժմ իմ ապրած ամենաանհավատալի փորձառությունն էր։ Ապշած էի դահլիճի գեղեցկությամբ և մեծությամբ։ Այն զգացումը, որ ունեի մեծ թվով հանդիսատեսի աջակցությունը, պարզապես աննկարագրելի էր։

– Գիտեմ, որ նախքան բեմ բարձրանալը բազմաթիվ փորձերի ես մասնակցում։ Ընթերցողին, վստահաբար, հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում փորձերի ժամանակ։ Մի քիչ պատմիր դրանց ընթացքից, չէ՞ որ դրանք ևս հնարավորություն են աշխատելու հանրահռչակ երաժիշտների հետ։

– Առաջին փորձերը տեղի ունեցան Հունգարիայում, որտեղ հանդիպեցի նվագախմբին և դիրիժորին, ում հետ պետք է հանդես գայի։ Հնարավորություն ունեցա շփվելու նվագախմբի անդամներից շատերի հետ։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ փորձերի ընթացքում յուրաքանչյուր դետալի վրա մանրակրկիտ աշխատում էինք։


Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» իմ ամենասիրելի գործերից մեկն է։ Անասելի հաճելի և պատասխանատու էր՝ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցելով, իմ կատարումն ավելի հետաքրքիր դարձնելը։ Վերջին փորձը հենց համերգից առաջ էր՝ «Musikverein»-ում։ Մի քանի անգամ եղել էի այդ դահլիճում որպես հանդիսատես, բայց բեմից տեսարանն անչափ տպավորիչ էր։ Շատ մեծ աջակցություն ստացա բոլորից, ում հետ աշխատում էի, ինչի համար շնորհակալ եմ։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, ելույթ ունեցել հեղինակավոր բեմերում։ Արտիստը՝ լինի դերասան, երգիչ թե երաժիշտ, մշտապես զգում է հանդիսատեսից եկող և՛ դրական, և՛ բացասական արձագանքը։ Ինչպիսի՞ն էր Վիեննայի հանդիսատեսի արձագանքը քո ելույթին։

– Երբ ելույթ եմ ունենում, հաճախ եմ անհանգստանում, թե ինչ տպավորություն կթողնեմ հանդիսատեսի վրա։ Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունն անմիջապես գոտեպնդեցին ինձ։ Ստեղծագործության ավարտը գեղեցիկ էր և դրամատիկ։ Զգում էի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը։ Այդչափ ծափահարություններ ու գոհունակության արձագանքներ լսելը երջանկության ամենահզոր և հուզիչ զգացումներից մեկն էր։ Հուսով եմ՝ հանդիսատեսը նույնքան վայելեց կատարումը, որքան ես՝ բեմում լինելու այդ պահը։

– Ընդունված է ասել, որ բեմ բարձրանալիս, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ ես անցել, առանց հուզվելու անհնար է։ Ինչպե՞ս հաղթահարեցիր հուզմունքդ, օրինակ՝ ելույթ ունենալով Վիեննայում, այն էլ խստապահանջ հանդիսատեսի և հանրահռչակ երաժիշտների կողքին։

– Դա լիովին ճիշտ է։ Մինչ օրս միշտ հուզվում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ։ Այս համերգը շատ առանձնահատուկ էր ինձ համար, և այդ պատճառով ամբողջ օրն անհանգիստ էի։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ հուզմունքն ինձ մոտ երբեք չի անցնում, բայց հիմա այլևս այն բացասական կողմով չեմ ընկալում։ Այն օգտագործում եմ ի նպաստ իմ կատարման։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հուզմունք միշտ կա և այն օգտագործել այնպես, որ քեզ օգնի, ոչ թե խանգարի։

– Դու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ես։ Հանրահայտ բեմերում ելույթ ունենալը, տարաբնույթ մրցույթներին մասնակցությունը քո աշխատասիրության և հիմնադրամի աջակցության միաձուլման արդյունքն է։ Կպատմե՞ս ձեր համագործակցության մասին։

– Մի քանի տարի առաջ ընտրվեցի որպես Music For Future Foundation-ի կրթաթոշակառուներից մեկը։ Կարծում եմ՝ հենց այդ պահից սկսվեց իմ իսկական առաջընթացը։ Հիմնադրամը հնարավորություն տվեց շփվելու և համագործակցելու բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ՝ միաժամանակ ընդլայնելով իմ երաժշտական գիտելիքներն ու փորձը։ Բացի այդ, այն ինձ ընձեռեց բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ մասնագիտական աճի վրա։ Մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամի շնորհիվ ելույթ ունեցա Պեկինում՝ Չինաստանի ազգային նվագախմբի հետ։ Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Այս համերգը հնարավոր չէր լինի առանց նրանց։ Միշտ մեծ երախտագիտությամբ կհիշեմ այս անմոռանալի փորձառությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Նկարների copyright` Peter Adamik Photography

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular