Նյու Յորքում հանդիպել են Էրդողանը և Մակրոնը. ինչ են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Ժան-Նոել Բարոն։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը»։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր` այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտությունը, Պաղեստինի ու Սիրիայի խնդիրները։
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը և նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:
Նա նաև ընդգծել է Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու Անկարայի մտադրությունը: Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև համագործակցության անհրաժեշտ մեխանիզմների շուտափույթ գործարկումը դրական ազդեցություն կունենա կողմերի փոխգործակցության վրա:
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու համար: