Առևտուրը 13 անգամ աճել է. ինչպես է ԵԱՏՄ-ն փոխել Հայաստանի տնտեսությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկողների միության կառավարիչ տնօրեն Իլյա Գալկինի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դրական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա և թույլ է տալիս զգալի օգուտներ ստանալ ինտեգրացիոն միությունից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է pravda.ru-ն։
Երևանում կայացած «Հայաստան-ԵԱՏՄ. Միասին առաջ» կոնֆերանսում Գալկինը ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության տասնամյակի ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն աճել է 60%-ով։ Նմանատիպ աճ նկատվում է միայն Ղրղզստանում, մինչդեռ Ղազախստանում, Ռուսաստանում և Բելառուսում ցուցանիշներն ավելի համեստ են։ Նա նաև նշել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի զգալի աճը, որը կազմել է 120%, և Հայաստանում իրական աշխատավարձի 50%-ով աճը։
Գալկինի խոսքով՝ առևտրի ցուցանիշները զգալիորեն բարելավվել են։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է ավելի քան 13 անգամ, իսկ ներմուծումը՝ գրեթե 10 անգամ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շուկայի կարևորությանը Հայաստանի համար, որը կազմում է երկրի արտաքին առևտրի շրջանառության 42,9%-ը։
Գալկինը նաև մեջբերել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ ԵԱՏՄ շուկան կարևորագույն նշանակություն ունի հայկական արտադրանքի արտահանման համար․ ալկոհոլային խմիչքների մատակարարումների 87%-ը, կոնյակի 97,3%-ը, գինու մոտ 70%-ը, մոլիբդենի օքսիդի և հիդրօքսիդի 99,9%-ը, սոսինձի ավելի քան 77%-ը, սննդամթերքի և կոշիկի գրեթե 94%-ը ուղարկվում է ԵԱՏՄ երկրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը