ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է դեսպանի ուղերձի իրական հասցեատերը…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ աշխարհում շարունակում են տեղի ունենալ կարևորագույն աշխարհաքաղաքական անցուդարձեր, մեր երկիրն այդ ընթացքում գրեթե անընդհատ բախվում է այնպիսի խնդիրների ու մարտահրավերների, որոնք կարող են էական հետք թողնել Հայաստանի վրա ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում: Մարտի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վիվիան Չաքարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կատարել է մի շարք կարևորագույն շեշտադրումներ, որոնց էլ կփորձենք անդրադառնալ սույն հոդվածում:

Միգուցե ի զարմանս շատերի Միլզը, սկսելով Հայաստանի մասին խոսակցությունը, առաջինը անդրադարձ է կատարել այն որոշակի ձեռքբերումներին, որոնց մեր երկիրը կարողացել է հասնել հատկապես վերջին տարիներին գործադրած ջանքերի շնորհիվ. դեսպանը դրվատանքով է արտահայտվել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին՝ կարևորելով այս ուղղությամբ մեր երկրի հետագա առաջընթացը:

Ինչ վերաբերում է դեսպանի՝ Հայաստանի ներքին հիմնախնդիրների մասով արտահայտած մտքերին, ապա պետք է շեշտենք, որ նա որպես Հայաստանի հետագա կայուն զարգացման համար կարևորագույն խոչընդոտ է համարել հատկապես երկրում ամեն քայլափոխին վխտացող կոռուպցիան:

Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Սա մի բան է, որը, որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ' կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին»: Դեսպանը իր խոսքում մեծապես կարևորել է նաև արտաքին ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավման համար` հատկապես ընդգծելով Հայաստանում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի պայմանը` անկախ այն հանգամանքից` ընկերությունն ամերիկյան է, չինական, թե՝ ռուսական:

Այն, որ դիվանագետներն ու առանձնակի կարևորություն ներկայացնող օտարերկրյա պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս' ամենևին էլ ոչ կամայական սկզբունքից ելնելով, հայտնի իրողություն է. նման հարցազրույցներն ու խոսակցությունները,որպես կանոն,տեղի են ունենում մեկ հիմնական նպատակով' հասցեատերերին որոշ մտքեր լսեցնել տալու:Իսկ թե ինչ հետևություններ է պետք անել Միլզի հարցազրույցից,հիմա կփորձենք հասկանալ միասին:Առաջին բանը,որ պետք է իմանալ,դա այն է,որ ԱՄՆ,որպես Հայաստանի բարեկամ գործընկեր երկիր,ամենևին էլ անտարբեր չէ մեր երկրի ունեցած ձեռքբերումների նկատմամբ:Սրա մասին է, ամասնավորապես,վկայում այն հանգամանքը,որ իր խոսքի սկզբում դեսպանը շեշտադրում է նախևառաջ նույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ունեցած ձեռքբերումները'ակնարկելով նաև,որ դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ դաշտի ազատականացման, մի բան, որը, ցավոք Հայաստանում սահմանափակվում է գրեթե բացառապես վերոհիշյալ ոլորտով: Նկատած կլինեք, որ Միլզն իր ելույթներում մեծ տեղ է հատկացնում Հայաստանում կոռուպցիայի խնդրին. այս անգամ ևս հավատարիմ մնալով իր ոճին' դեսպանը շատ հստակ կերպով ուղերձ է հղում Հայաստանի կառավարությանը, որին, ի դեպ, եթե չեք մոռացել, ԱՄՆ վերջերս էր տրամադրել կլորիկ գումար'կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, հետևողական լինել սեփական խոստումներում ու մղել անզիջում,իրական պայքար այն ժանտի դեմ,որ կրծում է մեզ ներսից:

Մի չափազանց կարևոր հանգամանքի ևս դեսպանն անդրադարձել է իր բովանդակ խոսքում. խոսքը ՀՀ-ում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի մասին է: Կարելի է եզրակացնել,որ Հայաստանում, գուցե հակառակ բոլոր գրված ու չգրված օրենքների, վաղուց ձևավորվել է մի մթնոլորտ, ուր ոչ թե արվում է ամեն բան, որպեսզի օտար ներդրողը,իսկ այս պարագայում՝ նույն ամերիկացի գործարարը շահագրգիռ դառնա գալ ու փող ներդնել մեր տնտեսության մեջ,այլ հայրենի կառավարությունը, միայն իր մտքի թռիչքին հատուկ ճարպկությամբ, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը, բացի մարդկանց վանելուց ու հիասթափեցնելուց, ոչնչի պիտանի չէ:

Հենց այս մարազմատիկ իրավիճակը շտկելու կոչով էլ Միլզը, ըստ էության, հանդս է գալիս՝ կոչ անելով կառավարությանը կանաչ լույս վառել արտասահմանցի ներդնողների առաջ:

Հետաքրքիր է' այսքանից հետո արդյոք Հայաստանում կգտնվի՞ ինչ-որ մեկը, որ կարող է տրտնջալ, թե Հայաստանում Արևմուտքը ներդրումներ չի անում, այսքանից հետո ինչ-որ մեկը չեղած ներդրումների համար կարո՞ղ է մեղադրել այլոց'փոխարենը դատափետելու կառավարությանը: Իբր ամերիկացիները շատ մի հոժար են, որ գան ու այս, մեղմ ազած, սահամանափակ երկրում փող ներդնեն, դեռ մի բան էլ ոմանք խոչընդոտո՞ւմ են նրանց մուտքը Հայաստան, թե՞ սովորել են նստել թախտին ու ՌԴ-ից եկող տրանսվերտներով երկիր կերակրեն…

Վստահ ենք` քանի դեռ երկրի կառավարման տրամաբանությունը չի ենթարկվել համապատասխան տրանսֆորմացիայի, քանի դեռ կառավարական որոշ շրջանակներ չեն հրաժարվել իրենց տխմար սկզբունքներից ու չեն հասկացել, որ ժամանակն է անելու ամեն բան` երկիրը այս քայքայված ու ծուղակային իրավիճակից դուրս բերելու համար, մեր օրն այս է լինելու. թոքախտավոր տնտեսություն, կորսված սերունդ, արտագաղթող բնակչություն…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular