ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տրետակովկյան պատկերասրահ

ՖՈՏՈ

Տրետյակովյան պատկերասրահը կամ, ինչպես ընդունված է ասել, Տրետյակովկան թանգարան է, որն ունի հարուստ հավաքածու և հայտնի է բազմաթիվ գաղափարներով ու նախագծերով, որոնք գտել են իրենց մարմնավորումը։ Ահա թե ինչու է Տրետյակովյան պատկերասրահը ձեռք բերել այդքան լայն ժողովրդականություն և գրավում է արվեստի իսկական գիտակների ուշադրությունը ամբողջ աշխարհից։ Նույնիսկ մարդիկ, ովքեր, կարծես, հեռու են նման «բարձր հարցերից», ձգտում են այցելել դրա սրահներ՝ ծանոթանալու վրձնի մեծ վարպետների աշխատանքներին։ Լինել Մոսկվայում և չգնալ Տրետյակովկա՝ դժվար է պատկերացնել, քանի որ այն սովորաբար ներառված է բոլոր էքսկուրսիոն ծրագրերում։ Տրետյակովյան պատկերասրահը, որպես Ռուսաստանի ամենահայտնի մշակութային հաստատություններից մեկը, հռչակում է իր գործունեության չորս հիմնական նպատակները՝ պահպանել, հետազոտել, ներկայացնել և տարածել արվեստը։

Տրետյակովյան պատկերասրահի պատմությունը սկսվել է նրա հիմնադրից։ Դա Պավել Միխայլովիչ Տրետյակովն էր, ով պատկանում էր հայտնի առևտրական ընտանիքի և ոչ մի կապ չուներ մշակույթի հետ. նրա ծնողները զբաղվում էին բացառապես առևտրով։ Բայց քանի որ Պավելը պատկանում էր հարուստ ընտանիքի, նա ստացել էր այն ժամանակների համար գերազանց կրթություն և սկսել ցուցաբերել տենչ գեղեցկության նկատմամբ։ Մեծահասակ տարիքում նա միացել էր, ինչպես հիմա կասեին, ընտանեկան բիզնեսին։ Սակայն, չնայած իր ծայրահեղ զբաղվածությանը, Պավել Միխայիլովիչը չէր հրաժարվել արվեստի հանդեպ իր կիրքից։ Պատկերասրահի բացումից երկու տարի առաջ նա սկսել էր ձեռք բերել հոլանդացի վարպետների նկարներ։ Տրետյակովի լեգենդար հավաքածուի սկիզբը դրվել է 1856 թվականին և մի քանի տասնամյակների ընթացքում այն ընդլայնվել է։ Նա հավաքում էր ոչ միայն ականավոր նկարիչների ստեղծագործություններ, այլ նաև բարեկամական հարաբերություններ էր պահպանում երիտասարդ նկարիչների հետ՝ չհրաժարվելով օգնել նրանց։ Եվ այսպես, 1892 թվականի ամռանը Պավել Միխայլովիչը իր հավաքածուն նվիրաբերել է Մոսկվային։ Նման կերպ էլ Տրետյակովյան պատկերասրահը դարձել է Ռուսաստանի առաջին հանրային թանգարանը։ Մոսկվայի իշխանությունները նույնպես նպաստել են թանգարանի հավաքածուի ընդլայնմանը՝ քաղաքային գանձարանի հաշվին ձեռք բերելով համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներ։ Մինչև Ռուսաստանի համար ճակատագրական դարձած 1917 թվականը Տրետյակովյան պատկերասրահն արդեն ուներ 4000 պահեստային միավոր։ Մեկ տարի անց, արդեն բոլշևիկյան կառավարության օրոք, թանգարանը ստացել է պետականի կարգավիճակ։

Լավրուշինսկի նրբանցք 10 հասցեում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր շենքը նախկինում պատկանել է հիմնադրի ընտանիքին, և նա ինքը ապրել է այդ տանը։ Հետագայում վաճառականի կալվածքը բազմիցս վերակառուցվել է։ Պատկերասրահը զբաղեցրել է նաև գլխավոր շենքին հարակից շենքերը։ Այսօր տեսանելի ճակատային մասը կառուցվել է անցյալ դարի սկզբին, որի հեղինակը Վասնեցովն է։ Շենքի ոճը նեոռուսական է, և դա պատահական չէ. այն նախատեսված է ընդգծելու այն փաստը, որ թանգարանը ռուսական արվեստի նմուշների պահոցն է։ Նույն գլխավոր ճակատային մասում այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի զինանշանի՝ Սուրբ Գեորգիի ու վիշապի բարձրաքանդակ պատկերը։ 1930 թվականին գլխավոր շենքի աջ կողմում կառուցվել է լրացուցիչ սենյակ՝ ճարտարապետ Շչուսովի նախագծով։ Նախկին վաճառականական կալվածքի ձախ կողմում գտնվում է ինժեներական շենքը։ Բացի այդ, Տրետյակովյան պատկերասրահը Կրիմսկի Վալում ունի համալիր, որտեղ, մասնավորապես, անցկացվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։ Տրետյակովյան պատկերասրահին են պատկանում նաև Տոլմաչիի ցուցասրահը, Սուրբ Նիկողայոսի թանգարան-տաճարը, ինչպես նաև Վասնեցովի թանգարանը, ժողովրդական նկարիչ Կորինի տուն-թանգարանը և քանդակագործ Գոլուբկինայի թանգարան-արվեստանոցը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular