ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարձակումը Դոհայի վրա՝ այն անվանելով «պետական ահաբեկչություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատարի վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի կողմից Դոհայի վրա իրականացված վերջին հարձակումը՝ այն կոչելով «պետական ահաբեկչություն»։ Վարչապետը նաեւ հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է «դատարանի առաջ կանգնի»։

Իր հերթին Նեթանյահուն չորեքշաբթի օրը մեղադրել է Կատարին «ահաբեկիչներին աջակցելու եւ թաքցնելու» մեջ՝ հայտարարելով․ «Ես ասում եմ Կատարին եւ բոլոր այն պետություններին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին՝ կամ արտաքսեք նրանց, կամ դատի տվեք։ Եթե չանեք, ապա դա կանենք մենք»։

Այդ նույն օրը տրված հարցազրույցում Կատարի վարչապետ Մոհամեդ Բին Աբդուլրահման Ալ Թանին արձագանքել է այդ հայտարարություններին․ «Մենք չենք ընդունում նման սպառնալիքներ նման մարդու կողմից, ինչպիսին Նեթանյահուն է։ Նա ինքն է հետախուզվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից»։

Վարչապետը շեշտել է, որ պաղեստինյան առաջնորդների ներկայությունը Դոհայում միջնորդական գործընթացների շրջանակում «լիովին հայտնի էր թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին»։ Նրա խոսքով՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարիներ շարունակ օգտագործել են Կատարին որպես հաղորդակցման  միջոց  Գազայի հետ։

Ալ Թանին նաեւ ընդգծել է, որ Իսրայելի կողմից Կատարի ինքնիշխանության խախտումը «նվազագույն բարոյականության ու վարքի սահմանները հատող քայլ է», հավելելով, որ ԱՄՆ-ն իր երկիրն այս հարձակման մասին տեղեկացրել է «չափազանց ուշ»։

«Իսրայելը սպանել է ցանկացած հույս, որն առկա էր Գազայում մնացած գերիների ազատման հարցում։ Հարձակման օրը առավոտյան ես հանդիպել էի պատանդներից մեկի ընտանիքի հետ։ Նրանք ամբողջ հույսը դրել էին այս հրադադարի միջնորդության վրա։ Այլ հույս չունեն», — ասել է Ալ Թանին։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտել է Իսրայելի վարչապետի խոսքերը՝ հայտարարության մեջ դրանք անվանելով «ամոթալի փորձ արդարացնելու Կատարի տարածքի դեմ ուղղված վախկոտ հարձակումը, ինչպես նաեւ պետության ինքնիշխանության ապագա խախտումների բաց սպառնալիքներ»։

«Նեթանյահուն շատ լավ գիտի, որ ՀԱՄԱՍ-ի գրասենյակի Դոհայում գտնվելը իրականացվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի խնդրանքով՝ Կատարի միջնորդական ջանքերի շրջանակում», — նշվում է հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ն էլ հաստատել է, որ իրենց բարձր մակարդակի պատվիրակությունը ողջ է մնացել հարձակման ժամանակ, սակայն հինգ անդամ է զոհվել։ Նրանց թվում են՝ Ջիհադ Լաբադը (ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ Ալ-Հայյայի գրասենյակի տնօրենը), Համամ Ալ-Հայյան (Խալիլ Ալ-Հայյայի որդին), Աբդուլլա Աբդուլ Վահիդը, Մոումեն Հասունան եւ Ահմեդ Ալ-Մամլուքը՝ պատվիրակության ուղեկցող անդամներ։

Կատարի անվտանգության սպա Բադր Սաադ Մուհամեդ Ալ-Հումայդին նույնպես նահատակվել է հարձակման ժամանակ։

Հիշեցնենք, որ միայն վերջին երեք օրվա ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային, Լիբանանին, Եմենին, Սիրիային, Թունիսին եւ Կատարին։

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանը հայտարարել է․ «Տարածաշրջանի համատեղ արձագանքն անխուսափելի է»։ Նա նաեւ հաստատել է, որ առաջիկա օրերին Դոհայում կկայանա արաբա-իսլամական գագաթնաժողով՝ պատասխան քայլերը քննարկելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular