ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ներսում պայքարը սաստկանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մինչ գործող իշխանությունն ակտիվորեն պատրաստվում է վերարտադրվել՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները, ընդդիմադիր ճամբարում գզվռտոցը շարունակվում է։ Վերջին շրջանում նույնիսկ անզեն աչքով նկատելի է բավականին լուրջ բախում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև, որոնք հաճախ անցնում են չափը և իրար հետ շփվում բացառապես վիրավորանքների և հայհոյանքների լեզվով։

Ակնհայտ է, որ իրավիճակ է փոխվել, երբ ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց հայաստանյան քաղաքական դաշտ մուտք գործելու և որակապես նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Ու տպավորություն է, թե նախկին նախագահների թիմերն արդեն իսկ համաձայն են այն իրողությանը, որ Սամվել Կարապետյանն է լինելու թիվ մեկ ընդդիմադիր ուժը, իրենք էլ պատրաստում են իրար ձեռքից խլել երկրորդ ընդդիմադիրի «պատվավոր» կոչումը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել իրեն պատկանող հեռուստաընկերությանը և հայտարարել, թե այսօր քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր, միավոր մեկը՝ «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից վերջերս հրապարակած հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրել։ Միևնույն ժամանակ ցածր է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի և առաջնորդների վարկանիշը։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքին չի հաջողվել իրականացնել իր տված խոստումները, այն է՝ Փաշինյանին հեռացնել իշխանությունից և այժմ, բնականաբար, բավականին լուրջ դժգոհություն կա նաև «Հայաստան» դաշինքից։

Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը փորձում է նաև իր ղեկավարած դաշինքի տեղն ապահովել արևի տակ։ Թե որքանո՞վ կհաջողվի ընդդիմությանը, այն էլ իրար գզելու պարագայում, մնալ քաղաքական դաշտում, ցույց կտա մոտ ապագան։

Մերի Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular