Ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար վերադարձնում են Բաքվում կայանալիք երաժշտական փառատոնի տոմսերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանից Ադրբեջան ժամանած զբոսաշրջիկները զանգվածաբար վերադարձնում են Բաքվում կայանալիք Dream Fest 2025 հանրաճանաչ երաժշտական փառատոնի տոմսերը այն բանից հետո, երբ կազմակերպիչները ռուս արտիստներին փոխարինել են քիչ հայտնի տեղացի կատարողներով: Այս մասին հայտնել է SHOT Telegram ալիքը։
Dream Fest-ում պետք է ելույթ ունենային «Ռուկի Վվերխը», Կլավա Կոկան, Եգոր Կրիդը, Անի Լորակը, Ալսուն, Ստաս Պիեխան և այլ հայտնի ռուս արտիստներ: Սակայն Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չեղարկել է Ռուսաստանի Դաշնությանը վերաբերող բոլոր միջոցառումները: Հետևաբար, ռուս կատարողներին շտապ փոխարինել են ադրբեջանցի երաժիշտներով:
Ռուս զբոսաշրջիկների խոսքով՝ նրանք այժմ ճանաչում են երեք տասնյակից ավելի արտիստներից միայն մի քանիսին։ Ռուսները սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց տոմսերից, որոնք փառատոնի մեկ օրվա համար արժեն 4000-226 500 ռուբլի։
Dream Fest 2025-ի կազմակերպիչները, հասկանալով, որ հսկայական վնասներ են կրում, փորձում են չորսօրյա փառատոնին հրավիրել ԱՊՀ երկրներից ռուս հանրությանը հայտնի երաժիշտների։