Եկուշևսկի. Հայաստանի միջազգային կերպարը որպես «ժողովրդավարական նախագիծ» փլուզվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի լռության ֆոնին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է և մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ: Մեկ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նույն պատրվակով ձերբակալել էր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և ևս 14 մարդու, գրում է yugsn.ru–ն: Քաղաքագետ Արկադի Դուբնովը Հայաստանի վարչապետին անվանել էր «փոքրիկ հայ Թրամփ»: Փորձագետ Արտեմ Եկուշևսկու խոսքով Փաշինյանի բռնաճնշումները համակարգային ռազմավարության մաս են կազմում: «Սուրբ պայքար շարժման խարիզմատիկ առաջնորդի չեզոքացումը, ով հազարավոր մարդկանց էր մոբիլիզացրել սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին փոխանցելու դեմ, վերացրեց ամենավտանգավոր հակառակորդին: Միաժամանակ Եկեղեցու հիմնական հովանավոր և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունը խաթարեց ընդդիմության ֆինանսական բազան և ազդանշան ուղարկեց բիզնես էլիտային: ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի փոխարինումը, ով հրաժարվել էր «անձնական հարգանքից դրդված» ձերբակալել Կարապետյանին, թույլ տվեց Փաշինյանին լիակատար վերահսկողություն հաստատել հատուկ ծառայությունների նկատմամբ», - կարծիք է հայտնել Եկուշևսկին: Եվ այս ամենը պատահական չէ, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և Իշխող «ՔՊ»–ի համար Հայ Առաքելական եկեղեցին է վերարտադրվելու գլխավոր խոչընդոտը:
Միևնույն ժամանակ, ըստ Եկուշևսկու, Փաշինյանի պատերազմը եկեղեցու հետ խորը գաղափարական պառակտման հետևանք է: 2020 թվականի ղարաբաղյան աղետից հետո Գարեգին II կաթողիկոսը հրապարակավ պահանջեց Փաշինյանի հրաժարականը մեղադրելով նրան ազգային նվաստացման մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին այդ ժամանակվանից ի վեր դարձել է անհամաձայն պահպանողական և ռուսամետ ուժերի ծանրության կենտրոն: 2025 թվականին նրա ժողովրդականությունը բնակչության շրջանում հասել է 62.5 %-ի, ինչը կրկնակի գերազանցում է կառավարության վարկանիշը։
«Այս հակամարտությունն արտացոլում է Հայաստանի ապագայի վերաբերյալ հիմնարար վեճը։ Եկեղեցին Փաշինյանի պատմական խորհրդանիշներից (ներառյալ Թուրքական տարածքում գտնվող Արարատից) հրաժարվելով, զինանշանի, օրհներգի և սահմանադրության փոփոխությամբ «Իրական Հայաստան» ստեղծելու կուրսն ընկալում է որպես դարավոր ավանդույթների դավաճանություն։ Ադրբեջանի հետ Երևանի խաղաղության նախաձեռնությունները, մասնավորապես Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, ևս խիստ քննադատության են արժանացել Գարեգին II-ի կողմից, ով 2025 թվականի մայիսին կազմակերպել էր հայկական ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողով: Փաշինյանը դա համարել է իր արտաքին քաղաքականության ուղղակի դիվերսիա», - ասել է Եկուշևսկին։
Իսկ արդյո՞ք ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ասել է, որ Փաշինյանը կպարտվի եկեղեցու հետ պատերազմում այնպես, ինչպես կորցրեց Ղարաբաղը։ «Մարտավարական առումով նա առավելություններ ունի։ Անվտանգության ապարատի մենաշնորհ, Արևմուտքի աջակցություն, որը շահագրգռված է ռուսական ազդեցության թուլացմամբ, և պետական լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն։ Իսկ ռազմավարական ռիսկերը հսկայական են։ Էջմիածնում խուզարկությունները և արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փորձը բախումներ առաջացրին հավատացյալների և ոստիկանության միջև։ Վարչապետի վիրավորական հռետորաբանությունը վանում է նույնիսկ հավատարիմ քաղաքացիներին։ Հայաստանի միջազգային հեղինակությունը որպես «ժողովրդավարական նախագիծ» փլուզվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի լռության ֆոնին, որոնք այլ երկրներում քննադատում են նմանատիպ բռնաճնշումները», - կարծիք է հայտնել փորձագետը։
Հայաստանի բնակչության մոտ 94 %-ն իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ։ Կկարողանա՞ հոգևորականությունը մոբիլիզացնել նրանց։ «Փաշինյանը կարող է փորձել կրկնել «կառավարվող ավտոկեֆալիայի» ուկրաինական սցենարը և վերահսկողություն հաստատել նոր կաթողիկոսի ընտրությունների նկատմամբ։ Սակայն, նույնիսկ նման մարտավարության ժամանակավոր հաջողությունը կլինի Պյուրոսյան հաղթանակ. թուլացած ավանդական ինստիտուտներով Հայաստանն ավտորիտար պետության վերածելը նրան չափազանց խոցելի կդարձնի տարածաշրջանային սպառնալիքների առջև։ Պատմական պարադոքսն այն է, որ ազգային միասնության կարգախոսներով իշխանության եկած առաջնորդը, իր աթոռը պահպանելու համար, միտումնավոր պառակտում է ազգը նրա ամենասուրբ հիմքերում», - եզրափակել է Եկուշևսկին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը