ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Վահեն, աչքի ընկնող: Սիրում էր, երբ ամեն տեղ իր հնչեղ ձայնով իր ներկայությունը զգում էին: Չարաճճի էր, բայց, դրա հետ մեկտեղ, նաև ամեն ինչ չափի մեջ էր անում: Եթե անգամ անկարգություն է արել, ապա համով-հոտով. երես առած չի եղել: Բարի էր, ներողամիտ, ընկերասեր: Հավատարիմ ընկեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Եսթերը՝ Վահեի մայրիկը:

Վահեն ծնվել է Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում: Նա ավագ եղբայր և քույր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ առաջադիմությամբ որդին հարվածային էր: «Երբ դպրոցում մի անգամ Վահեին ասել են՝ սովորեք, որ լավ մարդ դառնաք, տղաս արձագանքել էր՝ այնպիսի մարդ եմ դառնալու, որ ամբողջ կյանքում ինձ հիշեք և չմոռանաք: Իր ուսուցիչներն իրեն հիշում են որպես աշխույժ, կատակասեր, կենսուրախ, գերակտիվ տղայի»: Տիկին Եսթերի խոսքով, որդու հետաքրքրությունները մի բան քանդելու, մյուսը հավաքելու մեջ էին: «Ի վերջո, ընտրեց ավտոէլեկտրիկի մասնագիտությունը: Նախքան բանակ գնալն արդեն իսկ աշխատում էր իր մասնագիտությամբ: Լավ մասնագետ էր, վստահաբար, տարիների ընթացքում էլ ավելի կկատարելագործվեր»:

Խոսելով Վահեի երազանքների ու նպատակների մասին՝ մայրիկը նշում է. «Դրանք այնքան շատ էին: Բանակից վերադառնալուց հետո մտադիր էր որպես ավտոէլեկտրիկ աշխատել: Իր խոսքերով ասեմ. «Թևավորվեմ, գնամ Ռուսաստան: Այնտեղ եկամուտս ավելի շատ կլինի»»:

2021 թ. դեկտեմբերի 20-ին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցել է Սյունիքում՝ Կապանի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն բարդ էր, և երբ զրուցում ենք Սեպտեմբերյան պատերազմի մասնակից տղաների հարազատների հետ, միշտ հարցնում ենք՝ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելիս: «Շատ ոգևորված մեկնեց ծառայության: Անգամ իրեն ասացինք, որ դեկտեմբերի 20-ին չգնա, Նոր տարին մեզ հետ դիմավորի: Տղաս արձագանքեց՝ ի՞նչ տարբերություն՝ հիմա կգնամ, թե հունվարին, միևնույնն է, երկու Ամանոր տանը չեմ դիմավորելու: Հպարտ, ուրախ մեկնեց ծառայության: Բոլորը զարմանում էին իր ոգևորվածության վրա: «Դա իմ մեկնելու օրն է, օր փոխել չկա, պետք է գնամ»: Ես էլ այդ օրը շատ էի հուզվում, ինձ ասաց. «Մա՛մ, դու զինկոմիսարիատ չգաս, կլացես, մնա տանը»: Ու միշտ ասում էր՝ երանի կռիվ լինի, մի թուրք խփեմ: Նույն ոգևորվածությամբ էլ ծառայել է: Երբեք չի դժգոհել որևէ բանից, երբ ծառայությունից խոսում էինք, ասում էր. «Մա՛մ, անցանք, լավ է, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, ուրիշ ի՞նչ կա, ես ասեմ, թե դու կասես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին նաև Սյունիքի դիրքերը: «Զանգեցինք, իր համարն անհասանելի էր: Հետո նա անծանոթ համարով զանգահարեց, ձայնը խորքից էր գալիս, ասաց՝ լավ եմ, ի՞նչ եք խառնվել իրար, նեղվում եք: Հետո եղբոր հետ խոսեց, նույնն էլ եղբորն էր ասել՝ ամեն ինչ նորմալ է, «տոչնի ա»: Նոր եմ հասկանում, որ նա արդեն վիրավոր էր: Հաջորդ օրն արդեն նորմալ ձայնով խոսում էր: Ասաց, որ իրենց հետևից գնալու են: Երկու հոգով էին՝ Սամվելն ու Վահես: Տղաս մեզ ասաց, որ իրենց տեղը հայտնել են հրամանատարությանը, իրենց դուրս կբերեն: Սպասում էինք, բայց երեխեքի հետևից ոչ ոք չգնաց, ոչ մի քայլ չձեռնարկեցին, ոչ մի բան չարեցին: Եթե գնային, իմ տղային կփրկեին: 11 օր մնացել են անտառում: Վահեն երեք տեղից վիրավոր է եղել»:

Վահեն Ներքին Հանդի թիվ N դիրքում էր, որը թշնամին գրավեց սեպտեմբերի 14-ին: Մինչ այդ տղաները «ոչ մի քայլ հետ» սկզբունքով կռիվ են տվել թշնամու դեմ: Վահեն այդ ժամանակ վիրավորվել է: Դիրքի գրավումից հետո Վահեն և Սամվելը կարողանում են նահանջել դեպի անտառ, մոլորվում այնտեղ, կապ հաստատում հրամանատարության հետ, որոնք հավաստիացնում են, որ կգան նրանց հետևից: Բայց օգնությունն այդպես էլ չի հասնում: Փորձում են ինքնուրույն դուրս գալ անտառից, չնայած նրան, որ անտառը գտնվել է թշնամու հսկողության տակ, բայց կրկին ապարդյուն:

Վահեն մահանում է անտառում: Ընկերը՝ Սամվելը, բարդ որոշում է կայացնում՝ թաքցնում է Վահեի մարմինը, որպեսզի պաշտպանի այն թշնամուց և գիշատիչներից: «Շատ մեծ դժվարությամբ, վիրավոր վիճակում Սամվելը կարողանում է դուրս գալ անտառից: Հետո արդեն անտառի այդ հատվածը համարվում էր չեզոք գոտի, թույլ չէին տալիս որևէ մեկին ներս մտնել»: Ամիսներ շարունակ ընտանիքում բոլորը վստահեցնում էին մայրիկին, որ որդին գերության մեջ է, վերադառնալու է: Մայրիկն էլ սպասում էր նրա վերադարձին: «Ինձանից էին գաղտնի պահում, թե ինչ է իրականում կատարվում: Գյուղից էլ ով գալիս էր մեր տուն, ասում էր՝ փառք Աստծո, ողջ է, շուտով կվերադառնա: Գերիների մի խումբ վերադարձավ, բայց Վահեն նրա մեջ չէր»:

Իրականությունն այլ էր: «2023 թ. հունվարի 27-ին լուրը ստացանք, որ դուրս են բերել Վահեի մարմինը: ԴՆԹ հետազոտություն անցկացրեցին: Փետրվարի 3-ին նոր միայն իրեն հուղարկավորել ենք»: Վահեի անմահանալու օր է նշվում սեպտեմբերի 24-ը:

Չնայած այս ամբողջ պատմության ողբերգականությանը, ցավին ու անզորությանը, այն նաև հավատարմության, նվիրվածության, Վահեի ու Սամվելի ընկերության մասին է: Սամվելի մասին, որը մինչև վերջին պահը եղել է Վահեի կողքին, հոգ տարել վիրավոր ընկերոջը, իսկ վերջում էլ թաքցրել նրա մարմինը՝ այդ կերպ այն պաշտպանելով գիշատիչներից: Հենց նրա օգնությամբ էլ ամիսներ հետո Վահեն «տուն է վերադարձել»:

Ապրելու ուժի մասին: Վահեի անմահանալուց ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 24- ին, ծնվում է նրա եղբոր տղան: Նրան անվանակոչում են հորեղբոր պատվին՝ Վահե: «Ես շարունակում եմ սպասել իրեն, դա է ինձ ապրեցնում, սպասելով եմ ապրում: Մի քանի օր առաջ անծանոթ մեքենա էր կանգնած փողոցի վերևում, ասացի՝ կարո՞ղ է Վահես է, եկել ու հեռվից մեզ է նայում: Գիշերը մեքենա է անցնում, մտածում եմ՝ Վահես եկավ: Իհարկե, աղջիկս ու տղաս են ուժ տալիս, թոռնիկներս: Գիտեմ, որ ամեն մեկի համար ցավը տանելը յուրովի բարդ է»:

Հ. Գ. - Վահե Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Լուսագյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular