ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Հայաստանը որոշել է մերձենալ Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ակտիվացրել են երկկողմ շփումներն այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵՄ-ին միանալու իր հանձնառության մասին, սակայն չկարողացավ ստանալ Բրյուսելի անհրաժեշտ աջակցությունը։ Այսպիսով, մոտ ապագայում այդ երկիր պետք է այցելեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը և Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Բացի դա, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել էր Հաղթանակի օրվա տոնակատարություններին։

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը մոտ ապագայում կայցելի Երևան, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալ յանը։ Այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ շարունակում է այդ հանրապետությունը համարել եղբայրական և պատրաստ է երկկողմ հարաբերությունները հարմարեցնել իրականությանը: Այստեղ գլխավորն այն է, որ բոլորը քաղաքական կամք ունեն պահպանելու նախկինում դրված հիմքը։

Բացի այդ, սպասվում է, որ հունիսին Հայաստան կժամանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Ինչպես բացատրել են Մոսկվայում, այցը անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար։ Նաև նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու իր որոշումը բացատրել էր նման միջոցառումների շրջանակներում տեղի ունեցող երկկողմ հանդիպումների կարևորությամբ։ Նա նաև ընդգծել էր, որ Երևանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը չի ենթադրում որոշ գործընկերների հետ հարաբերությունների զարգացում մյուսների հաշվին։ Մինչդեռ, 2024 թվականին Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում չէր։ Չի կարելի բացառել, որ այս անգամ Փաշինյանը հույս ուներ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի նրան առաջարկի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Մասնավորապես, տոնի առթիվ իր ուղերձում նա նշել էր, որ, ինչպես 80 տարի առաջ, հիմա էլ հայերը հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագայի գործում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», - ասել էր Փաշինյանը։ Սակայն Ալիևի հետ հանդիպել հնարավոր չեղավ։ Վերջին պահին Ադրբեջանի նախագահը Մոսկվային տեղեկացրեց, որ չի կարող գալ, քանի որ մայիսի 10-ին տոնական միջոցառումներ է նախատեսել իր հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։

Այնուամենայնիվ, դեռևս վաղ է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների վրայի ամպերը, որոնք մասամբ առաջացել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, մասամբ էլ Երևանի եվրոպական ձգտումներից հետո, սկսել են ցրվել։ Օրինակ՝ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից առաջ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր իր երկրի դեմ հիբրիդային պատերազմի մեջ։ Մասնավորապես, նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել էր «ռուսական լրտես»։ «Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, որը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Օրինակ՝ ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ, ցավոք, նաև հայկական ազգանուններով, փորձում են փոխել իշխանությունը Հայաստանում, հայտարարություններ են անում հանրահավաքների մասին և այլն», ընդգծել էր Սիմոնյանը՝ հայտարարելով, որ նման անկայունացման վրա «դրսից շատ գումար է ծախսվում», այդ թվում՝ «մեր հյուսիսային հարևանի» կողմից։

Նաև չպետք է մոռանալ, որ մարտին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու մասին օրինագծի օգտին։ Ապրիլի սկզբին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստաթուղթը։ Ռուսաստանի իշխանությունները քննադատեցին այդ որոշումը՝ նշելով, որ, չնայած օրենքը դեկլարատիվ բնույթ ունի և այս փուլում չի ենթադրում կոնկրետ գործողություններ, բայց ապագայում Հայաստանի եվրաինտեգրումը անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ–ին:

Քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման մասին։ Մասնագետի տեսանկյունից, նրանք այդ եզրակացությանն են հանգել այն փաստի շնորհիվ, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպասում, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ուկրաինան միանա իրենց շարքերին։ «ԱՄՆ–ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկու կազմակերպություններն էլ անցնում են խորը վերափոխման և ինքնակատարելագործման մի շրջան։ Համաշխարհային քաոսի և անորոշության իրավիճակում տարօրինակ է ակնկալել, որ ինչ-որ տեղ կա կայունության կղզյակ, որտեղ քեզ համար տեղ է պատրաստվել։ Ավելին, Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով և հակամարտություններ ունի հարևանների հետ։ Այս պայմաններում էլ Երևանը պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց դա կանի այնպես, որ չվնասի Ռուսաստանի և արտաքին քաղաքականության՝ այլ «ոլորտների» հետ հարաբերություններին։ Մենք խոսում ենք այլընտրանքների ընդլայնման մասին, որոնք, միասին վերցրած, պետք է լուծեն այն անվտանգության վակուումի խնդիրը, որում հայտնվել է Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Համապատասխանաբար, Հայաստանի իշխանությունները մշակում են հնդկական, չինական և իրանական ուղղությունները», - բացատրել է Մղդեսյանը։ Նրա խոսքով, դա չի նշանակում, որ Երևանը պատրաստ է լուծել Մոսկվայի հետ ունեցած խնդիրները։ Ավելի շուտ խոսքը կողմերի միմյանց «չկպչելու» և այն ոլորտներում համագործակցություն զարգացնելու մասին է, որտեղ նման հակասություններ չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular