ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան երջանիկ օրեր եմ ունեցել, հիմա մեր երեխաներով ու այդ հիշողություններով եմ ապրում». Շիրազ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել»... մեկ տարի ինն ամիս անց. «

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրազի հետ նույն գյուղում՝ Փոքր Մասրիկում ենք մեծացել: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն, իսկ Շիրազը 2007 թվականին մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայում էր «Մարտունի 2»-ում: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով Շիրազը գրեց ինձ՝ որպես հին ծանոթի, ու սկսեցինք շփվել: Ինձ ասաց, որ կգա իմ հետևից: Անկեղծ ասած՝ չցանկանալով էի մեկնել Ռուսաստան, երազում էի, թե երբ եմ վերադառնալու հայրենիք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Շիրազի կինը: 2012 թ. նոյեմբերի 12-ին Ստավրոպոլում տեղի է ունեցել Մարիամի և Շիրազի նշանադրությունը, իսկ նոյեմբերի 17-ին Հայաստանում նրանց հարսանյաց հանդեսն էր: «Անսահման երջանիկ էինք: Վերադարձել էի իմ հարազատ գյուղը և իմ սիրելի մարդու հետ ընտանիք կազմել»:

Մարիամն ասում է՝ ամուսինն անսահման համեստ էր, հանգիստ բնավորություն ուներ: «Սուտ չէր խոսում, սուտ խոստումներ չէր տալիս: Ինձ ինչ խոստացել է, մեր ամուսնության ընթացքում կյանքի է կոչել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ կանեմ քո համար: Ստացվում է, որ նաև կյանքը տվեց մեզ համար: Յուրահատուկ անձնավորություն էր, ընտանիքին նվիրված ամուսին: Ինձ համար ծնող էր, եղբայր, ամուսին: Կատակում էր՝ ես քեզ համար ամեն ինչ կանեմ, միայն թե չասես՝ մի ծխիր: Իրոք, չէր կարողանում ծխելը թողնել: Հիմա, երբ այցելում եմ իրեն, երբեմն ծաղիկների փոխարեն ծխախոտ եմ տանում, դնում քարի վրա: Մտածում եմ՝ մեկը կվերցնի, կծխի, ես էլ կմտածեմ, թե Շիրազն է»:

Ամուսնության տարիներին Շիրազը մի քանի անգամ մեկնել է նաև արտագնա աշխատանքի՝ ինչ-որ առումով համատեղելով պայմանագրային ծառայության հետ: «Միայն մեկ անգամ է առանց ինձ գնացել, այդ անգամ նաև շուտ վերադարձավ: Միշտ ինձ ու երեխաներին տանում էր իր հետ: Սևաստոպոլում մոտ մեկ տարի ապրեցինք, բայց մեր տղան արդեն դպրոցական տարիքի էր, և Շիրազը որոշեց՝ պետք է վերադառնանք Հայաստան, տղաս պետք է հայկական դպրոց հաճախի: 2020 թ. օգոստոսին վերադարձանք, սեպտեմբերին մեր տղան դպրոց գնաց»:

Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Այդ ժամանակ Շիրազը պայմանագրային զինծառայող չէր, ուղղակի ծանուցագիր ստացավ և մեկնեց Արցախ. «Փախչողներից չեմ, եթե ծանուցագիրը ստացել եմ, պետք է գնամ»: Այնքան վստահ էի, որ անվնաս վերադառնալու է: Ու բոլորին ասում էի, որ մեր նշանադրության օրը՝ նոյեմբերի 12-ին, տուն է գալու: Եվ այդ օրը Շիրազս զանգեց՝ գալիս եմ: Շատ դաժան օրեր էին: Անընդհատ իրեն էի սպասում, տղաների մարմիններն էին բերում, գյուղից արդեն զոհեր ունեինք: Պատերազմի ժամանակ նա հսկել է Քարվաճառի սահմանները, եղել Օմարի լեռներում, բայց ո՛չ պատերազմի, ո՛չ էլ ծառայության մասին խոսել չէր սիրում: Իր մանկության մոտ ընկերը՝ Վրեժ Սարգսյանը, զոհվել էր Ապրիլ յան պատերազմի ժամանակ: Ես երևի թե առաջին անգամ իրեն լաց լինելիս տեսել եմ հենց Վրեժի համար: Շատ ծանր էր տանում նրա մահը»:

Պատերազմից վերադառնալուց հետո՝ 2021 թվականին, Շիրազը շարունակում է պայմանագրային ծառայությունը: Արտանիշի դիրքերում էր ծառայում: Փրկվելով 44-օրյա պատերազմի ճիրաններից և տուն վերադառնալով՝ Շիրազը չի կարողանում խուսափել մեկ այլ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմից: «Սեպտեմբերի 1-ին Շիրազը դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 8-ին տագնապով դիրքեր բարձրացան, ասացին՝ վիճակը խառն է: Մինչև սեպտեմբերի 13-ը երևի երեք անգամ տագնապով դիրքեր են բարձրացել, հետո վերադարձել տուն: Այդ ընթացքում մեկ ամիս արձակուրդ էր վերցրել: Սեպտեմբերի 13-ին պետք է գնար զորամաս՝ շարային ստուգատեսի, հետո գար տուն: Բայց սեպտեմբերի 12-ի գիշերը տագնապ հայտարարվեց: Զանգեցին Շիրազին, հետո ծառայակից ընկերները եկան իր հետևից: Մեր բոլոր հարազատները զանգում էին, թե մի թող, որ Շիրազը բարձրանա դիրքեր: Եթե անգամ իրեն նման բան ասեի, երբեք ինձ չէր լսելու: «Թողնենք՝ թուրքը մեր տուն մտնի՞». սա կլիներ իր պատասխանը: Երեխաները քնած էին, դուրս եկա ճանապարհելու: Ասաց՝ գնա տուն, չմրսես, եթե բարձրացրեցին դիրքեր, քեզ կզանգեմ: Դա մեր վերջին զրույցն էր»:

Մարիամն ասում է՝ իրեն այնքան տարբեր պատմություններ են հասել, թե ինչ ու ինչպես է եղել, ու ինքն էլ չգիտի, թե պատմություններից որ մեկին հավատա: «Պատմությունը խճճված է: Տղաները մարտի են նետվել: Շիրազին թիրախավորել է դիպուկահարը, նա մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում, ընկերներից երկուսը փորձել են նրան իջեցնել, բայց թշնամին հայտնվել է դիրքերում: Հետո ցանկացել են նորից գնալ Շիրազի հետևից, բայց նա արդեն եղել է չեզոք գոտում»:

Շիրազն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին: Նրա մարմինը մեկ տարի ինն ամիս մնացել է Կուտականի դիրքերում՝ չեզոք գոտում: «Ոչ ոք չի կարողացել իրեն օգնել, թուրքը թույլ չի տվել որևէ մեկին իրեն մոտենալ: Հիշում եմ՝ 2023 թ. փետրվարի 8-ին էին թույլ տվել, որ զորամասից մտնեին այդ տարածք և դուրս բերեին նրա մարմինը: Հրամանատարը զինվորների հետ բարձրացել է այդ հատված, շատ տեղերում են ձյունը մաքրել, բայց մարմինը չեն կարողացել գտնել: Միայն հեռախոսն են գտել: Այն ամբողջությամբ վնասված էր, իր հեռախոսի կողքը ճաքած էր, դրանից եմ ճանաչել այն: Հեռախոսը որպես հուշ մնաց ինձ մոտ»: Մի շրջան էլ վարկած է շրջանառվել, թե Շիրազը գերի է: «Բայց զորամասից ինձ չէին խաբում՝ Շիրազս զոհվել էր: Եվ իմ միակ պայքարն այն էր, որ գոնե մի մասունք կարողանայի հողին հանձնել»: 2024 թ. հունիսի 20-ին Շիրազի մասունքները փոխանցում են հայկական կողմին, նրա ինքնությունը հաստատվում է ԴՆԹ հետազոտության միջոցով: Հուլիսի 4-ին Շիրազն արդեն «տանն էր»:

Մարիամն ասում է՝ ծանր օրեր է ունեցել, երբ Շիրազից որևէ լուր չկար, երբ չէր հաստատվում, թե նա ինչ կարգավիճակ ունի: «Ամբողջ գյուղը սգում էր Շիրազի մահը, բոլորն այդ ընթացքում իմ կողքին էին: Օտարները դարձան հարազատ այդ օրերին: Գյուղի դպրոցի տնօրենը՝ Արմեն Հովհաննիսյանը, երբ լրացավ Շիրազի զոհվելու մեկ տարին, ինձ հրավիրեց դպրոց: Ասաց՝ պետք է միջոցառում կազմակերպենք, ուզում եմ, որ մեր անմահացած տղաների՝ Վիգենի և Լևոնի նկարների կողքին նաև Շիրազի նկարը լինի: Բայց այդ ժամանակ Շիրազի մարմինը դեռ չէինք գտել: Ես չմերժեցի: Մեծ միջոցառում կազմակերպեցին տղաների հիշատակին: Նման պահերին դա էլ էր մխիթարություն: Դպրոցը, որի սաներն ենք եղել նախ ես և ամուսինս, իսկ հիմա՝ երեխաներս, երբեք չի մոռանում մեր տղաներին»:

Ապրելու ուժի մասին: «Մեր ամուսնության տարիներին Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան լավ ու երջանիկ օրեր եմ ունեցել: Հիմա իմ երեխաներով, մեր հիշողություններով ու նկարներով եմ ապրում: Երբ փնտրում էինք Շիրազին, տղաս ասում էր. «Պետք է մեծանամ, գնամ բանակ, զոհվեմ, պապայիս գտնեմ ու քեզ նամակ գրեմ՝ իմ պապային գտա, որ դու էլ լաց չլինես իր համար»: Երբ Շիրազին դեռ տուն չէին բերել, տանից դուրս էի գալիս, նայում սարերին ու պատկերացնում, որ նա այնտեղ է: Հիմա էլ այդ մտքերը հաճախ եմ ունենում, չէ՞ որ երբ նայում եմ սարերին, գիտեմ, որ իր մասունքները մնացել են այնտեղ: Երազում եմ այն օրվա մասին, երբ հնարավորություն կունենամ ոտք դնել այդ հողի վրա, այդ հողից մի բուռ տուն բերել:

Չեմ կարողանում համակերպվել այս իրականության հետ, չեմ կարողանում համակերպվել, որ Շիրազս չկա: Հիմա պետք է ամուր լինեմ, որ մեր երեխաներին իրենց նպատակներին հասցնեմ և Շիրազի անունն ու պատիվը բարձր պահեմ»:

Հ. Գ. - Շիրազ Խաչատրյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը՝ ընկերոջ՝ Վրեժի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular