ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել

«Երկու սահմանադրությունների պատմությունը

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:

Սակայն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն: Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի ներքո թաքնված հակասություն կա իր իսկ Սահմանադրության շրջանակում, որն արժե ուսումնասիրել ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև դրա ստեղծած ապակայունացնող և հնարավոր տարածքային պահանջների նախադեպի համար:

Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստակամ է կառուցել ապագա՝ հիմնված ներկա իրականության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ապա այն պետք է առերեսվի նաև իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Ադրբեջանի 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը պարզ ինքնիշխանության հռչակագրից անդին է: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը հստակ դիրքավորում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավական և քաղաքական ժառանգորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջականությունը: Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության հաստատումը անօրինական բռնակցում էր, և մերժում է բոլոր պայմանագրերն ու խորհրդային ներքին օրենքները, որոնք հետևել են դրան: Այսպիսով, Ադրբեջանը խորհրդանշական և իրավական առումով իրեն անջատում է խորհրդային ժամանակաշրջանից, այդ թվում՝ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին:

Սա սահմանադրական աննկատ մնացորդ չէ: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս իրավահաջորդությունը, հատկապես՝ 2008-2009 թվականներին առաջին հանրապետության 90-ամյակի ազգային տոնակատարությունների ժամանակ: Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը պարզապես հետխորհրդային պետություն չէ, այլ մինչև Խորհրդային Միությունը գոյություն ունեցած պետության նոր մարմնավորումը: Պատմական այս դիրքորոշումը, սակայն, գալիս է անհարմար ճշմարտության հետ: 1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ սահմանված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին մի շարք տարածքների շուրջ զինված հակամարտություններում, որոնցից առանցքային էր Լեռնային Ղարաբաղը: Այս ժամանակաշրջանում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը հեղհեղուկ էր և հաճախ որոշվում էր ռազմական ուժով, դիվանագիտությամբ կամ արտաքին միջամտությամբ: Հետևաբար, այսօր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջ ներկայացնելը՝ վկայակոչելով 1918-1920 թվականների հանրապետության ժառանգությունը, նշանակում է ընդունել վիճարկվող և անորոշ տարածքային կարգավորումների դարաշրջանը:

Ադրբեջանը չի կարող այս երկուսը համադրել։ Չի կարող մերժել խորհրդային իրավակարգը և միաժամանակ, հիմնվելով խորհրդային ժամանակաշրջանի որոշումների վրա, հիմնավորել իր տարածքային պահանջները: 1921 թվականի խորհրդային Կովկասյան Բյուրոյի որոշումը, որը Լեռնային Ղարաբաղը դրեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության ներքո, խորհրդային քաղաքական գործողություն էր: Անվավեր ճանաչելով խորհրդային իրավական և վարչական բոլոր որոշումները, Ադրբեջանը անվավեր է ճանաչում նաև այս փոխանցումը: Իրավական տրամաբանությունը, որը այն կիրառում է ԽՍՀՄ-ի ձևավորման օրինականությունը հերքելու համար, պետք է կիրառվի նաև ԽՍՀՄ-ի կողմից ներքին սահմանների վերաբերյալ կայացված որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, այն իր սեփական օգուտի համար չի ընտրում խորհրդային օրենքի խտրական վերականգնումը՝ խարխլելով իր իսկ սահմանադրական կարգի ներադաշնակությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ակնհայտ է դառնում Բաքվի այն պահանջների համատեքստում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ երաշխավորելու, որ դա տարածքային պահանջ չի ենթադրում: Եթե Հայաստանից ակնկալվում է բացառել Ադրբեջանի սահմանների ճանաչման վերաբերյալ որևէ երկիմաստություն, ապա Ադրբեջանը պետք է ցուցաբերի նույնական պատրաստակամություն՝ երաշխավորելու, որ իր սեփական Սահմանադրությունն այլևս չհիմնվի այնպիսի իրավական ինքնության վրա, որը նախորդում և հակասում է այդ նույն սահմաններին: Սահմանադրական կարգը, որը մի կողմից հաստատում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգականությունը, մյուս կողմից՝ ժխտում ժամանակակից սահմանները հաստատած իրավական կառուցվածքը, չի կարող անշեղ հստակություն և վերջնականություն պահանջել իր հարևաններից:

Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է փակել մեկդարյա հակամարտության էջը և տևական խաղաղություն կառուցել Հարավային Կովկասում, ապա նախ պետք է ներս նայի և համոզվի, որ իր սեփական սահմանադրական պատումը չի հավերժացնում իռեդենտիստական անորոշությունը: Դա կպահանջի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման վերականգնման սահմանադրական հնարավորություն, գրավված հայկական տարածքների վերադարձ և Հայաստանի դեմ տարածքային որևէ պահանջից պաշտոնապես հրաժարում: Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը՝ միաժամանակ կառչելով պատմության այնպիսի տարբերակից, որը խարխլում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմքերը և բաց է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային ոտնձքությունների սահմանադրական հնարավորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular