ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրար շատ ենք սիրել, այդ սերը չի պակասել, միայն ավելացել է, ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում». ավագ սերժանտ Վիգեն Ավագյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Լիանային հարցնում եմ իր և ամուսնու ծանոթության մասին, արձագանքում է՝ երկուսս էլ նույն գյուղից՝ Փոքր Մասրիկից ենք: «Ուսումս ավարտեցի, հետո էլ Վիգենը բանակից վերադարձավ, որոշ ժամանակ ընկերություն արեցինք, իսկ հետո 2012 թվականին ամուսնացանք: 2013 թվականին մեր մեծ աղջիկը ծնվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լիանան: Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս երեխա են ունենում՝ երեք աղջիկ և մեկ տղա:

Լիանան նշում է՝ այնքան շատ բան կարող է պատմել ամուսնու մասին, սակայն հուզմունքը հաճախ է խանգարում: Միշտ փորձում է հաղթահարել այն: «Անսահման ընկերասեր էր: Մեծ հարգանք էր վայելում թե՛ համածառայակիցների շրջանում, թե՛ գյուղում, թե՛ իր ընկերական շրջապատում: Ինչ վատ է, չէ՞, որ «էր»-ով՝ անցյալով ենք խոսում իր մասին: Բայց ինչ-որ պահ է գալիս, որ կարծես սովորության ուժով անես դա»:

Վիգենը ծնունդով Փոքր Մասրիկ գյուղից է: 1995-2005 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, աչքի ընկել իր առաջադիմությամբ և վարքով: Լիանան ասում է՝ ամուսինը լավ է նկարել, ինքնուս քանդակագործություն է սովորել: «Բազմաթիվ շիրմաքարեր, խաչքարեր է քանդակել: Իր ընկերներից մեկը՝ Հայկ Թևոյանը, դժբախտ պատահարի արդյունքում զոհվել էր: Վիգենը խաչքար էր քանդակել և սեփական ուժերով և միջոցներով տեղափոխել Օմարի լեռներ: Երբ Քարվաճառը հանձնեցին, իր բոլոր իրերը թողել էր այնտեղ, բայց խաչքարն իջեցրել էր, տեղափոխել Վարդենիս»:

2006 թվականին Վիգեն Ավագյանը զորակոչվել է Հայկական բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի N զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է ավագ սերժանտի կոչման: 2009 թվականին՝ պարտադիր զինծառայությունն ավարտելուց մեկ տարի հետո, անցել է պայմանագրային զինծառայության: Տասը տարուց ավելի ծառայել է Քարվաճառում՝ Օմարի լեռներում: Մասնակցել է թե՛ 2016 թ. Քառօրյա պատերազմին, թե՛ 2020 թ. 44-օրյա պատերազմին: Պարբերաբար պարգևատրվել է ծառայության ընթացքում թե՛ մարտական հերթապահության, թե՛ անբասիր վարքի ու ծառայության համար:

Կինը պատմում է՝ պատերազմների ընթացքում իր ընկերներին է կորցրել: «Սեփական կյանքը վտանգելով՝ այնքան տղաների մարմիններ է դուրս բերել մարտի դաշտից, որ չմնան այնտեղ, որ տուն հասնեն: Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ իր ընկերը զոհվել է, մարմնի մասերն է հավաքել, որ գոնե այդպես նա «տուն հասնի»: Հիմա, երբ նույնիսկ այս մասին խոսում ենք, սարսռում ենք, բայց այդ պահին նա սառնասրտություն է ցուցաբերել: Իր քրոջ ամուսնու եղբոր հետ էր ծառայում Վիգենը Քառօրյայի ժամանակ: Այդ տղան զոհվել է, երբ նրա եղբայրը գնացել է, որ մարմինը դուրս բերի, Վիգենը թույլ չի տվել: Ասել է՝ ձեր ընտանիքից արդեն մեկին կորցրել եք, ես իրեն դուրս կբերեմ: Նման այնքան պատմություններ կան, երբ նա տղաների մարմինները դուրս է բերել մարտի դաշտից: Նվիրված էր իր ընկերներին ու այնքան ծանր էր տանում նրանց կորուստը»:

Քարվաճառի հանձնումից հետո Վիգենի զորամասը տեղակայվել է Սոթքի հատվածում: Երկու տարի ծառայել է Վերին Շորժայի N դիրքում: Վիգենի երրորդ պատերազմը 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի տարածքի վրա: Հետաքրքիր մի բան է ասում Լիանան. «Վիգենը հաճախ էր կիսվում հետևյալ մտքով. «Երկու օրով կռիվ է լինելու, ես հաստատ տուն չեմ գալու»: 34 տարեկան էր, երբ զոհվեց: Միշտ ասում էր՝ սա իմ վերջին ծնունդն է: Երբ հեռուստացույցով տարիքն առած տատիկ-պապիկի էին ցույց տալիս, միշտ իրեն ասում էի՝ Վի՛գ, տեսնես մենք էլ ենք այսպես սիրուն ծերանալո՞ւ: Ասում էր. «Ես չեմ ծերանալու, սա իմ վերջին տարին է»»:

Վիգենն անմահացել է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքերում: «Ընդամենը երեք հոգով են մարտնչել այդ դիրքում, որոշ ժամանակ հետո մի դիրքից մյուսն են տեղափոխվել: 12-ը զոհվել են, մեկն է ողջ մնացել: Իրեն չէինք գտնում, չգիտեինք՝ ողջ է, գերի է, որտեղ է: Բոլոր դիահերձարաններում փնտրել ենք իրեն, և միայն երեք ամիս անց, այն էլ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Վիգենի ինքնությունը: Նոյեմբերի 28-ին էին փոխանցել նրա մարմինը»:

Վիգենի և կնոջ վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի գիշերը: «Շուրջբոլորը վառվում էր: Զանգահարեց՝ ի՞նչ վիճակ է, տեսնում եմ, որ բոլորը հեռանում են: Իրոք, այդպես էր: Գյուղում երևի ես ու միայն իմ երեխաներն էինք մնացել, տղաս երկու տարեկան էր, և Լևոնի ընտանիքն էր մնացել: Վիգենն արձագանքեց՝ փախչում են, հա՞: Դա է եղել մեր վերջին զրույցը: Եղբայրս ևս ծառայության մեջ էր: Լուսադեմին խոսել էր եղբորս հետ, ասել. «Արմա՛ն ջան, խնդրում եմ, երեխեքիս լավ կնայեք»: Ռացիայով իրեն կապ են տվել, ասել, որ մենակ է մնացել: Մեծ վնաս են հասցրել թշնամուն, այնքան մեծ, որ վերջում արդեն Վիգենի դեմ «բայրաքթարն» է գործել: Իր մարմինը շատ էր վնասված: Իր ընկերներից կան, որ պատմում են՝ երբ Վիգենի մարմինը փոխանցելիս են եղել, ասել են, որ նա «իսկական իգիթ է»»:

Ապրելու ուժի մասին: «Այդ ուժն իմ երեխաներից եմ ստանում: Մեր տղային շատ եմ նմանեցնում Վիգենին: Ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում: Մենք իրար շատ ենք սիրել: Այդ սերը չի պակասել, միայն ավելացել է: Չնայած այս մեծ ցավին ու կորստին, ես շատ հպարտ եմ, որ նա չի փախել, իր դիրքը չի լքել, իր ընկերներին մենակ չի թողել: Շատ ցավալի է նաև այն, որ իր զինվորները ևս զոհվել են: Նրանք մարտնչել են իրենց կյանքի գնով՝ հանուն մեզ ու մեր երկրի: Մի տեսանյութ կա, 2021 թ. մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը դիրքավորվեցին նաև Վերին Շորժայում, նա ընդառաջ է գնացել ադրբեջանցի զինվորներին: Ադրբեջանցիները ցույց են տալիս դեպի Քարվաճառի կողմը, ասում՝ մեր Քելբաջարն է, մենք այնտեղ ենք կռվել: Վիգենն իրենց հակադարձում է, երկար խոսում, ու մտածում ես՝ դա էլ իր անվախության մասին է վկայում, ամեն մեկը չէր կանգնի թշնամուն դեմ հանդիման»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Վիգեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ իր հերոս ընկերների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular