Ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողը ատրճանակի սպառնալիքով առեւանգել էր տաքսու վարորդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտարժույթի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողը ատրճանակի սպառնալիքով առեւանգել էր տաքսու վարորդին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանները մարտի 18-ին հայտնաբերել եւ բերման էին ենթարկել 41-ամյա Աղասի Մնացականյանին:
Օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Աղասի Մնացականյանը Երեւանի Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկից նստել է Ռազմիկ Խ.-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ ուղեւորվել Միկոյան փողոցի վերջնամաս, որտեղ «Մակարով» ատրճանակը պահելով նրա քունքին՝ հրամայել է նստել մեքենայի հետնամասում, կպչուն ժապավենով կապել է ձեռքերն ու ոտքերը, շորով կապել աչքերը, որից հետո նստել ավտոմեքենայի ղեկին եւ շարժվել Գայի պողոտայի թիվ 7 շուկային հարակից տարադրամի փոխանակման կետ: Այստեղ նա կատարել է ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ ու դիմել փախուստի: Հասնելով Մոլդովական եւ Բագրեւանդ փողոցների հարող տարածք, կանգնեցրել է ավտոմեքենան, արձակել կպչուն ժապավենն ու թողնելով ավտոմեքենան՝ հեռացել է նշված վայրից:
Մարտի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Աղասի Մնացականյանին պատկանող՝ Ն. Ստեփանյան փողոցում գտնվող բնակարանում, որի ընթացքում ննջասենյակից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի, 12 մմ տ/չ, երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տ/չ 8 փամփուշտ, չլիցքավորված որսորդական 11 փամփուշտ, փայտյա մահակ, ձեռնաշղթա, գաղտնի փականով 3 դանակ, որսորդական 2 դանակ, մետաղական տարա՝ մոխրագույն փոշենման զանգվածով եւ դաշտային զինվորական համազգեստ:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է: