«Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին առաջնորդների դատավարության ընթացքում բացահայտվում են չճանաչված պետության գործունեության համար «Հայաստանի պատասխանատվության մասին» կարևոր փաստեր։ Միաժամանակ նա հասկացրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է Բաքվում տեղի ունեցող լսումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքին, գրում է ng.ru–ն։ Հաջիևի խոսքով, դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի իր երկրի հետ։ Մասնավորապես, Երևանը կարող է օգնել Բաքվին վերականգնել անցումային արդարադատությունը և հաստատել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ «Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի անկեղծ ցանկությունը, ի թիվս այլ բաների, կցուցաբերվի Հայաստանի պատրաստակամությամբ ճանաչելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանում։ Եթե Երևանը կարծում է, որ այդ հանցագործությունները ժամանակի ընթացքում կմոռացվեն, ապա շատ է սխալվում»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևի առաջարկին Հայաստանում առաջինն արձագանքել են ընդդիմության ներկայացուցիչները։ Այսպես, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ դեռ 2021 թվականի մարտին ինքը կանխատեսել էր Ղարաբաղի ղեկավարներին իրեն հանձնելու Բաքվի պահանջը։ Միաժամանակ Շարմազանովը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնեցված գործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Հաջիևը Հայաստանից բացահայտ պահանջում է հանձնել Արցախյան ազատամարտի առաջնորդներին: Խոսքն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է (ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները): Արդյո՞ք հնարավոր է բացառել, որ Նիկոլը չի կատարի Ադրբեջանի պահանջը: Դա կանխելու համար Նիկոլային պետք է հեռացնել»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։
Իր հերթին խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Հաջիևի հայտարարությունը համարել է Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հերթական պահանջի ձևավորման նշան։ «Հայաստանի իշխանությունների անկեղծությունը «գնահատելու» համար Ադրբեջանը պահանջում է, որ նրանք պատասխանատվություն ստանձնեն «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում «ագրեսորի», «օկուպանտի» դերի համար, ինչպես նաև Բաքվին հանձնեն այն գործիչներին, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացվում են որպես հանցագործ»,- նշել է Աբրահամյանը։
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ հայ քաղաքական գործիչները ճիշտ են անում, որ անհանգստանում են։ «Առաջին հերթին, անջատողականները դատարանում պնդում են, որ իրենք հրամաններ են ստացել Երևանից, թեև երկար տարիներ փորձել են ԼՂՀ-ն ներկայացնել որպես անկախ սուբյեկտ։ Դատարանում կրկին պարզ դարձավ, որ դա սուտ է։ Օրինակ, վերջին անջատողական առաջնորդ Արայիկ Հարությունյանը դատարանում հայտարարեց, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում հանդես է եկել Բաքվի հետ կապիտուլյացիայի շուրջ բանակցությունների օգտին։ Այդ հարցը նա քննարկել է Փաշինյանի հետ։ Բայց Հայաստանի վարչապետը նրան պատասխանել է, որ ադրբեջանական բանակի հետ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն»,- ասել է փորձագետը։
Շահինօղլուն նաև ընդգծել է, որ Քոչարյանն ու Սարգսյանը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին Ղարաբաղում հայերին ապստամբության հրահրելու գործում առանձնահատուկ դեր են ունեցել: Նրա խոսքով նրանք նախ հանրահավաքներ են կազմակերպել Ստեփանակերտում, իսկ հետո սկսել են զինել տեղի բնակչությանը։ «Դրանից հետո զինված հարձակումներ են սկսվել Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերի վրա, զոհերի թիվն ավելացել է»,- ասել է Շահինօղլուն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա, ըստ փորձագետի, Ադրբեջանը ձգտում է ստորագրել այն, սակայն դա չի նշանակում, որ երկրի բնակիչները կմոռանան նախկինում կատարված հանցագործությունների մասին։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը չի բացառել, որ Քոչարյանի և Սարգսյանի արտահանձնումն Ադրբեջանին կարող է դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման պայմաններից մեկը։ «Այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ Բաքուն այդ պահանջը նախապայման կդարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի իշխանությունների պահանջներից մեկը միմյանց դեմ հայցերի փոխադարձ հետ կանչելն է»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը