ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց մենակ չի թողել իր զինվորներին ու սկզբից մինչև կյանքի վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»». լեյտենանտ Մանուկ Միքայել յանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմինեի ու եղբոր միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: Մանուկը երեք քույրերի միակ եղբայրն է: Տղաների քույրերի ու եղբայրների հետ խոսելիս այս հարցն առաջիններից մեկն է, քանի որ ցանկանում եմ իմանալ՝ որքանո՞վ են նրանց հիշողության մեջ «արտատպվել» եղբայրների մանկությունն ու պատանեկությունը:

Եղբոր մանկության մասին խոսելիս Արմինեն նշում է՝ այնքան հանգիստ, զուսպ, ամաչկոտ երեխա էր: «Անգամ կարող էր ամաչել հաց ուտել մարդկանց ներկայությամբ: Հիշում եմ՝ մեկ անգամ հարևանուհին կոնֆետ էր հյուրասիրել, ամաչել էր, դրել էր քարի վրա և տուն եկել: Այնքան զուսպ էր, որ անգամ կոնֆետի հյուրասիրությունը չէր ընդունում: Այդպիսին մնաց նաև հասուն տարիքում՝ զուսպ, հարգանքով, չափված-ձևված: Գիտեր, թե որտեղ իրեն ինչպես պահի, ում հետ ինչպես խոսի, որտեղ պետք է լռի»: Մանուկը սովորել է Գեղաձորի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցում: «Իրեն բոլորը սիրում էին իր նվիրվածության, համեստության համար: Իր չափով շատ լավ սովորում էր, մաթեմատիկայից էր շատ ուժեղ: Ռազմագիտությունն էր սիրում, փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին»:

2017-2021 թթ. ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետում, ստացել հրետանավորի որակավորում: Ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ ծառայության է անցել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Սիսիանի N զորամասերում: Երբ հարցնում եմ, թե ինչպես Մանուկը որոշեց զինվորական դառնալ, քույրիկն արձագանքում է. «Զինվորականի օրինակ ընտանիքում չենք ունեցել, որ ասեմ՝ այդ օրինակին է հետևել եղբայրս: Ուղղակի փոքրուց ուներ այդ երազանքը, մշտապես ասում էր՝ դառնալու եմ սպարապետ: Երբ ասում էինք՝ դարձիր պաշտպանության նախարար, արձագանքում էր՝ ով ասես կարող է դառնալ նախարար, իսկ սպարապետ՝ ոչ բոլորը»:

Ծառայության ընթացքում Մանուկը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով: 2022 թվականին արժանացել է որակավորման 3-րդ կարգի և պարգևատրվել «Ոսկե արծիվ» մեդալով: «Շատ քիչ էր խոսում զինվորական կյանքից: Այն գաղտնիք էր, մենք այդպես էլ որևէ անգամ չհասկացանք, թե նա որ դիրքերում է, ինչ են անում: Եթե իրեն հարցնում էինք, արձագանքում էր՝ գաղտնիք է, ասել չեմ կարող: Պատերազմից առաջ դիրքեր էին կարգի բերել, հետո իրենց հրաման էին տվել, որ իջնեն դրանցից: Շատ ծանր էր տանում, որ հենց այնպես դիրքեր էին հանձնել: Իր կարգախոսն էր՝ եթե կռվել, ապա մինչև վերջ, դրանց ոչ մի բան չենք տալու: Իր զինվորներին էլ կոչում էր «երեխեքս»: Տղաներ կային, որ տարիքով իրենից մեծ էին, բայց, միևնույնն է, իր համար «երեխեքս» էին: Երբ դիրքեր էին բարձրանում, քաղցր էր գնում, հետը տանում: Իր զոհվելուց հետո Մանուկի հեռախոսն էինք նայում, իր բոլոր զինվորների մայրիկների ու քույրիկների հեռախոսահամարներն ուներ: Թույլ էր տալիս, որ տղաները զորամասից տեսակապով գոնե մեկ անգամ խոսեն մայրիկների հետ»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: «Իր հետ մշտապես զրուցել ենք: Եթե անգամ մեզ հետ չխոսեր, մայրիկին ամենօրյա զանգերը պարտադիր էին: Ես իր հետ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զրուցել, ժամը մոտավորապես հինգին տասնհինգ պակաս: Իսկ մայրիկին նա զանգահարել էր սեպտեմբերի 14-ի առավոտյան»:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ երկու օր Մանուկն իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանել թշնամու ծանր զինատեսակներ: Մարտական գործողությունների ողջ ընթացքում նա չի լքել իրեն վերապահված դիրքը: Զոհվել է հրետանային արկի հարվածից սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում՝ հրադադարից մոտ կես ժամ առաջ:

«Նա պետք է իր դիտակետում լիներ, ոչ թե այնտեղ, որտեղ եղել է: Եթե իր կետում լիներ, իրեն ոչինչ չէր լինի: Նա իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց սկզբից մինչև վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»: Ասել է՝ չեմ կարող իմ երեխեքին թողնել ու մի կողմ գնալ: Իբր ինքը մեծ էր, նրանք էլ երեխա էին»:

Մանուկի զոհվելուց րոպեներ անց լուրը հասնում է ընտանիքին: «Երեկոյան Մանուկն արդեն տանն էր: Մեր հարազատները ճանաչել են իրեն, մենք Մանուկին չենք տեսել: Ասում են, և մենք էլ ենթադրում ենք, որ դա կարող է ճիշտ լինել, որ սեպտեմբերի 13-ին Մանուկը ոտքից վիրավոր է եղել: Տարել են բուժկետ, պառկել է, բայց հետո ինքնակամ իր «Վիլիսով» բարձրացել է վերև: Ոմանք ասում են, որ վիրավոր չի եղել, բայց մեր ենթադրությունները հակառակի մասին են: Սեպտեմբերի 13-ի երեկոյան բոլորին զանգահարել է, զրուցել, դիրքերից հաստատ չէր կարողանա բոլորին զանգահարել: Բացի դա, մտածել է, որ տղաների հետ հրամանատար չկա, ոչինչ, որ իր ոտքը վնասված է, գնացել է իր զինվորների մոտ: Երանի կտայինք, որ թեկուզ ոտքը կտրված, բայց ողջ լիներ»:

Մանուկի մասին սերունդներին կպատմեն թերթերի հոդվածները, գրքերը, հայրենի գյուղում ընտանիքի կողմից կառուցված պուրակ-հուշահամալիրը՝ նվիրված նրա հիշատակին: Այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին: Գեղաձոր գյուղի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ դպրոցական տարիներին սովորել է Մանուկը, անվանակոչվել է նրա անունով: Ամեն ինչ սերունդներին կհիշեցնի անձնվեր սպայի մասին, որն իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքի սահմանները և մենակ չթողեց իր զինվորներին:

Ապրելու ուժի մասին: «Մեզ համար ուժի աղբյուրն են մեր ընտանիքներն ու երեխաները: Մեր երեխաների համար պետք է ուժեղ լինենք, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, չգիտենք, թե իրենց համար այս կյանքում ինչ կա պահված: Պետք է իրենց համար ապրենք: Իմ տղան այդ ժամանակ համարյա հինգ տարեկան էր: Քեռու հետ շատ կապված էր: Նա էլ էր երազում Մանուկի նման զինվորական դառնալու մասին: Զինվորական հագուստ ունի, ասում է՝ քեռուս է հիշեցնում, այն ոչ մեկին չտաս: Մինչև հիմա էլ անընդհատ հարցնում է նրա մասին, նկարները նայում»:

Հ. Գ. - Լեյտենանտ Մանուկ Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular