ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս». պայմանագրային զինծառայող Կարեն Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս շատ աշխույժ, ընկերասեր, ազնիվ երեխա էր: Կարող եմ ասել՝ անգամ միամիտ: Տան միակ երեխան էր, ու երբեմն այնպիսի տպավորություն ունեի, որ երբ բանակ գնա, գուցե չկարողանա ծառայել, քանի որ շատ հանգիստ էր իր տեսակով, բայց իր ծառայությունը շատ լավ է անցել: Եթե օգնություն էր պետք ինչ-որ մեկին, կարիք չկար Կարենին խնդրելու, նա պատրաստակամ էր բոլորին օգնելու հարցում: Մեր հարևանները մինչև հիմա էլ իր մասին խոսելիս ասում են՝ Կարենը յուրահատուկ անձնավորություն էր: Այնպես չէ, որ իմ որդին է, գովում եմ իրեն: Այդ առումով շատ օբյեկտիվ մարդ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Կարենի մայրիկը:

Կարենը ծնունդով Մարալիկ քաղաքից է: Նախ սովորել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում: «Մեր ընտանիքն ուսուցչի ընտանիք է եղել, բոլորս՝ թե՛ ես, թե՛ իմ եղբայրները, լավ ենք սովորել: Այդ դպրոցում Կարենս լավ առաջադիմություն չունեցավ: Այնուհետև ուսումը շարունակեց Գյումրու Թուֆենկյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում: Այդտեղ փայլուն սովորում էր: Գիտեք, թե ինչն էր ամենահետաքրքիրը, որ այդ դպրոցը Գյումրիում այն ժամանակ աչքի էր ընկնում իր անկարգ աշակերտներով, բայց Կարենս շատ լավ, բարձր գնահատականներով ավարտեց: Սերգեյ Եսենինին շատ էի սիրում, և հանուն ինձ երեք բանաստեղծություն անգիր էր սովորել, ուսուցչուհին այդ օրն իրեն երեք անգամ հինգ էր նշանակել: Տուն եկավ՝ մամա՛, իմ հինգերը նվիրում եմ քեզ, որովհետև դու Եսենին շատ ես սիրում: Ամեն ինչ անում էր, որ դիմացինն իրեն լավ զգա, ամուր թիկունք էր, ամեն ինչ անում էր, որ իր ներկայությունը մարդկանց համար հաճելի լինի»:

2009 թվականին Կարենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Տիկին Կարինեն վերհիշում է՝ երկու անգամ մասնակցել է Սահմանապահ զորքերի շքերթին՝ որպես լավ զինծառայող: Ժամկետային ծառայության ժամանակ արժանացել է շնորհակալագրերի, պարգևատրվել «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: «Երբ ժամկետային ծառայությունն ավարտեց և տուն եկավ, իր հրամանատարները զանգահարեցին ինձ և շնորհակալություն հայտնեցին: Իր ծառայակից ընկերներն էլ միշտ ասել են, որ Կարենը շատ տարբերվող, նվիրված ու ազնիվ ընկեր է եղել»:

Զորացրվելուց հետո Կարենն աշխատել է Սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող, 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի է անցել թիվ N զորամասում: «Ծառայությունից վերադարձավ և այնպես սիրեց բանակային կյանքը, որ անմիջապես ասաց. «Մամա՛, իմ կյանքը տեսնում եմ միայն բանակում»: Սկզբում աշխատում էր սահմանապահ զորքերում Բավրայում, հետո ընկերոջ հետ տեղափոխվեց Նոյեմբերյան՝ որպես պայմանագրային զինծառայող, իր ամենամտերիմ ընկերն էր, որի հետ զոհվեց մարտի դաշտում: Մեկ տարի ապրեց քաղաքացիական կյանքով, չէր կարողանում իր տեղը գտնել: Ծառայության ժամանակ գալիս էր տուն հանգստանալու, որ հետո կրկին դիրքեր բարձրանար, չէր վստահում, որ որևէ մեկն իր համազգեստն արդուկեր: Իր կոշիկներն այնպես էին փայլում: Ուներ գնալ-գալու համազգեստ, ուներ ծառայելու համազգեստ, ուներ համազգեստ, որով պետք է ինժեներական աշխատանքներ կատարեր: Ինչպես փայլուն համազգեստով գնում էր, այդ ձևով վերադառնում էր»:

Կարենը պայմանագրային զինծառայող էր Կողբի զորամասում՝ Բաղանիսի գումարտակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Կամավորագրվեց և մեկնեց Արցախ: Երկար ժամանակ իր սպաները դեմ էին, որ նա մեկնի: Իր հետ ծառայողներից մեկն ասում է՝ Կարենին տեսնելուց սպաները «փախչում» էին, որովհետև ամեն ինչ անում էր Արցախ մեկնելու համար: Պատերազմն սկսվելու առաջին օրը տղաները տագնապով գնում են զորամաս: Ծառայող կանանցից մեկը պատմում է՝ բազմաթիվ համազգեստներ էինք ստացել, պետք էր դասավորել, առանձնացնել, որ Արցախ մեկնող յուրաքանչյուր խմբի տրամադրեին: Կարենս ու ընկերը՝ Ռազմիկը, երկու օր ու գիշեր չեն քնել, օգնել են, որ համազգեստները դասավորեն, տեղավորեն: Եթե տեսներ օգնելու կարիք կա, կգնար օգնելու, չէր սպասի, որ իրեն կանչեին: Այդ կինն ասում է՝ մեր բոլոր տղաները լավն են, բայց Կարենն առանձնահատուկ էր: Թե՛ ծառայակից, թե՛ քաղաքացիական կյանքի ընկերների շրջանում Կարենս հարգանք ու սեր է վայելել»:

Հոկտեմբերի 19-ին Կարենը զինակից ընկերների հետ մեկնում է մարտադաշտ: «Իրենց խմբի տղաներից չորսն Արցախ են մեկնել կամավոր հիմունքներով: Նրանցից երեքը Շիրակի մարզից էին: Իմացա, որ Կարենը մեկնում է Արցախ, երբ արդեն տեղ էր հասել: Բայց անընդհատ ասում էր՝ մամա՛ ջան, անպայման պետք է գնամ: Ղարաբաղը շատ էր սիրում: Երբ վերադարձավ ժամկետային ծառայությունից, որոշել էինք տեղափոխվել և Արցախում ապրել: Այդ կարգի սիրահարվել էր Արցախին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Հեռախոսով զրույցների ժամանակ ասում էր. «Ղարաբաղս վտանգի մեջ է, չգնա՞մ օգնեմ: Ժամկետային զինծառայողները զոհվում են, իրենց ծնողներից լա՞վն ես: Մենակ չթողնենք իրենց, գնանք օգնության»: Մեր վերջին զրույցի ժամանակ լսեցի տանկերի, հրանոթների շարժի ձայնը, մի անբնական ճիչ նաև, ահավոր զգացողություն էր: Չգիտեմ, թե ինչու ու ինչպես, բայց իմ երեխուն ասացի՝ Կարե՛ն ջան, հանկարծ գերի չընկնես: Տղաները պատմում էին, թե ինչպես է հերոսաբար կռվել մարտի դաշտում: Վիրավոր է եղել, բայց շարունակել է մարտը: Հոկտեմբերի 20-ին շատ թեժ ու ծանր կռիվներ են եղել Կուբաթլուում: Հենց այդ օրն էլ անմահացել է ԱԹՍ-ի հարվածից»:

Կարենը տուն է «վերադարձել» զոհվելուց չորս ամիս անց: «Եղբայրս ասաց՝ գիտակցաբար գնաց մահվան: Եթե պատերազմ ես գնում, պիտի պատրաստ լինես նաև զոհվելու: Այն, որ մարդը գիտակցաբար գնում է զոհվելու, դա ամենամեծ հերոսությունն է»:

Կարենը տիկին Կարինեի միակ երեխան է: «Պետք է ապրեմ, որ տղաս էլ երկար ապրի: Ծնողի չլինելուց հետո գուցե միայն Եռաբլուր այցելելուց հիշեն նրա որդուն: Կարենի հիշատակն է ապրեցնում: Ապրելուս գույնն էլ, իմաստն էլ կորել է: Կիսատ եմ, կոտրված: Երբեք չեմ կարողանա լիարժեք ուրախանալ, ապրել: Միշտ հպարտացել եմ իրենով, մի անգամ ինձ ասաց. «Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս»: Հենց այդպես էլ ապրել է: Շատ հպարտ եմ եղել իրենով ու հպարտ եմ նաև հիմա: Ինձ պետք չէր, որ իմ երեխան հերոս լիներ, ինձ պետք էր, որ իմ տղան իմ կողքին լիներ: Նա այն ձևով ապրեց ու ծառայեց, որ հիմա ամենուր բաց ու պարզ ճակատով եմ քայլում»:

Հ. Գ. - Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular