ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար 7 մարդ դատապարտվել է ազատազրկման
ԻՐԱՎՈՒՆՔԱնցած տարվա օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել: akhaltskha.net-ը, հղում անելով tabula.ge-ին, գրում է, որ նրանք դատապարտվել են 2-ից մինչև 14 տարվա ազատազրկման: Խմբի նախապատրաստական աշխատանքներին տեղյակ է եղել նաև ոստիկանության աշխատակից Լ.Մ-ն, ով թաքցրել է հանցագործությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Հատուկ ծառայությունից հայտնել էին, որ ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան: