Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2025 թվականը տնտեսական առումով չափազանց բարդ տարի է լինելու Հայաստանի համար։ Մասնագետները փաստում են, որ տնտեսական աճը դանդաղել է, չեն բացառվում անգամ անկումները։ Պատճառն առաջին հերթին քաղաքական է, կապված հայ-ռուսական հարաբերություններն ամեն գնով վատթարացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերի հետ։ ԵԱՏՄ-ն տարիներ շարունակ զգալի օգուտներ է տվել Հայաստանին, իսկ այժմ, քաղաքական խնդիրներով պայմանավորված, կարող է պատժամիջոցներ ներդնել, կամ այլ խնդիրներ հարուցել։ Արդյունքում գործարարները սպասողական վիճակում են, իսկ անորոշությունը գնալով աճում է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն է արձանագրում: Ըստ հրապարակված կանխատեսումների՝ Հայաստանն աճի փուլից անցել է բիզնեսի ակտիվության անկման փուլի։
2024 թվականը ՀՀ իշխանությունները երեսի «զոռով» փակեցին աճով, որը, սակայն, զգալի զիջում էր 2023 թ. ցուցանիշը։ Այժմ հավելյալ ճնշումներ են սպասվում ՀՀ տնտեսության վրա, իսկ ՌԴ-ից տրանսֆերտներն էլ նվազելու են՝ շինարարության ոլորտի անկման հետևանքով։ Սոցիալական բունտը, ըստ մասնագետների, սարերի ետևում չէ:
Լիաննա Ավանեսյան