ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գազայի հատվածի երկարաժամկետ կառավարումը ստանձնելու, պաղեստինցիներին այնտեղից տեղահանելու ԱՄՆ ծրագրերի մասին, ինչն իրարանցում է առաջացրել աշխարհում:

Al Jazeera-ն ներկայացրել է, թե ինչպես է աշխարհն արձագանքել Թրամփի հայտարարություններին.

ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Սամի Աբու Զուհրին ասել է, որ Գազայի պաղեստինցիներին էթնիկ զտումների  ենթարկելու կոչը «սեփական հողից վտարում է»:

«Գազան վերահսկելու ցանկության մասին Թրամփի խոսքերը ծիծաղելի են և անհեթեթ, և ցանկացած նման գաղափար կարող է թեժացնել իրավիճակը տարածաշրջանում... Մենք այդ ծրագիրը համարում ենք տարածաշրջանում քաոս և լարվածություն առաջացնելու «բաղադրատոմս», բայց Գազայի ժողովուրդը թույլ չի տա, որ նման ծրագրերն իրականացվեն», - ասել է Զուհրին:

ՀԱՄԱՍ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Իզզատ էլ Ռեշիկը նշել է, որ առաջարկը «միայն յուղ կլցնի կրակի վրա»:

«Այս հայտարարություններն արտացոլում են Պաղեստինի և տարածաշրջանի վերաբերյալ խորը անտեղյակությունը: Գազան, իհարկե, ընդհանուր հող չէ և այն գույք չէ, որը կարելի է գնել և վաճառել: Շարունակվում է ամերիկյան կողմնակալությունն Իսրայելի և մեր պաղեստինցի ժողովրդի և նրա արդար իրավունքների դեմ»,- ասել է նա։

Պաղեստինի ինքնավարություն

Նախագահ Մահմուդ Աբբասը կտրականապես մերժել է Գազայից պաղեստինցիներին տեղահանելու ցանկացած ծրագիր՝ ասելով, որ «թույլ չեն տա ժողովրդի իրավունքների ոտնահարում, որի համար պայքարել են տասնամյակներ շարունակ և մեծ զոհողություններ կրել»:

«Այդ կոչերը միջազգային իրավունքի լուրջ խախտում են: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի հաստատվի առանց 1967 թվականի սահմաններում Երուսաղեմում մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծման՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա», - ասել է Աբբասը:

Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ չի կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ առանց պաղեստինյան պետության ստեղծման։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մերժում է պաղեստինցիներին իրենց հողից տեղահանելու ցանկացած փորձ և իր դիրքորոշումը բնութագրել է որպես «հստակ և անվիճելի»:

«Սաուդյան Արաբիան նաև կրկնում է նախկինում հայտարարված միանշանակ մերժումը Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների ցանկացած ոտնահարմանը՝ լինի դա Իսրայելի բնակավայրերի քաղաքականության, պաղեստինյան հողերի բռնակցման կամ պաղեստինցի ժողովրդին իր հողից տեղահանելու փորձերի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ

Ռուսաստանը մերժում է կոլեկտիվ պատժի քաղաքականության կիրառման մեթոդը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ «Իսրայելը ծրագրում է լիակատար վերահսկողության տակ առնել գրավյալ Հորդանան գետի արևմտյան ափը և փորձում է տեղահանել պաղեստինցիներին Գազայի հատվածից»։

Չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեմ է Գազայի բնակչության բռնի տեղափոխմանը և կողմ է հարցի քաղաքական կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների ստեղծման վրա:

Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփի մեկնաբանությունները «անընդունելի» են և զգուշացրել է, որ պաղեստինցիներին «հավասարումից դուրս» թողնելը կհանգեցնի ավելի մեծ հակամարտությունների: 

Գերմանիա

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անընդունելի է համարել Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը: Նա հայտարարել է, որ Գազայի հատվածը պատկանում է պաղեստինցիներին, և նրանց վտարումն անընդունելի և հակասում է միջազգային իրավունքին։

«Գազայի խաղաղ բնակչությունը չպետք է արտաքսվի, և Գազան չպետք է մշտապես օկուպացվի կամ վերաբնակեցվի: Ակնհայտ է, որ Գազան, ինչպես Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը, պատկանում են պաղեստինցիներին: Դրանք հիմք են հանդիսանում ապագա պաղեստինյան պետության համար: Դա նաև կհանգեցնի նոր տառապանքների և նոր ատելության», - ասվում է Բերբոքի հայտարարության մեջ:

Ֆրանսիա

«Ֆրանսիան վերահաստատում է իր ընդդիմությունը Գազայի պաղեստինցի բնակչության ցանկացած բռնի տեղահանմանը, որը կհանդիսանա միջազգային իրավունքի լուրջ խախտում, հարձակում պաղեստինցիների օրինական պահանջների վրա, ինչպես նաև հիմնական խոչընդոտ կլինի երկու պետությունների ստեղծման համար», - ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը: Նա հավելել է, որ Գազայի ապագան պետք է լինի ապագա պաղեստինյան պետության համատեքստում և չպետք է վերահսկվի երրորդ երկրի կողմից։

Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին ասել է, որ պաղեստինցիներն ունեն ապագա իրենց հայրենիքում։

«Մենք միշտ հստակ ենք եղել մեր համոզմունքում, որ մենք պետք է տեսնենք երկու պետություն։ Մենք պետք է տեսնենք, որ պաղեստինցիները ապրում և բարգավաճում են իրենց հայրենիքներում՝ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին», - ասել է նա:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պաղեստինի օկուպացված տարածքների գծով

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն ասել է, որ Թրամփի ծրագիրը «ապօրինի է, անբարոյական և լիովին անպատասխանատու»:

«Այն, ինչ նա առաջարկում է... անհեթեթություն է: Դա էլ ավելի կսրի տարածաշրջանային ճգնաժամը։ Դա բռնի տեղահանումներ կատարելու դրդում է, որը միջազգային հանցագործություն է», - ասել է Ալբանեզը:

Amnesty International

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Փոլ Օ'Բրայենն ասել է, որ բոլոր պաղեստինցիներին Գազայից հեռացնելը «հավասարազոր է նրանց որպես ժողովուրդ ոչնչացնելուն»:

«Գազան նրանց տունն է: Գազայի մահը և ավերածությունները Իսրայելի կառավարության կողմից հազարավոր խաղաղ բնակիչների սպանության հետևանք են՝ հաճախ ԱՄՆ ռումբերով», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular