ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, ընկերասեր երեխա էր: Փոքրուց ժպտերես էր, որքան նկարներ ունի, բոլորում ժպտում է թե՛ փոքր, թե՛ հասուն տարիքում: Կենսուրախ էր, ցանկացած ուրախ առիթի դեպքում Ահարոնն առաջինն էր դուրս գալիս պարելու: Հարազատություն, բարեկամություն անել շատ էր սիրում: Ծառայության ժամանակ էլ անընդհատ զանգահարում էր, իր բարեկամների հետ շփվում, միշտ պատրաստ էր օգնել, եթե դրա կարիքը լիներ: Առհասարակ, որտեղ էլ լիներ Ահարոնը, վայելում էր իրեն շրջապատող մարդկանց հարգանքը: Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում Ահարոնս աչքի էր ընկնում ազնիվ ու պարզ բնավորությամբ, բարությամբ: Հարգանք էր վայելում ամենուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նուշիկը՝ Ահարոնի մայրիկը:

Ահարոնը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ օրինակելի և կարգապահ աշակերտ էր, առաջադիմությունը միջին է գնահատում: «Խելացի էր, բայց, կարծես, չէր ուզում սովորել: Ֆիզկուլտուրան էր սիրում, բայց չէի ասի, թե կար դպրոցական մի առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ակտիվ մասնակցում էր շախմատային բոլոր միջոցառում-խաղերին: Բազմաթիվ պատվոգրեր ունի»:

Մայրիկն ասում է՝ որդին ձկնորսության սիրահար էր: «Դպրոցական տարիներին դա իր սիրելի զբաղմունքներից մեկն էր: Անգամ պայմանագրային զինծառայող լինելու ժամանակ, երբ տանն էր լինում, անընդհատ ձգտում էր գնալ ձկնորսության: Միշտ ասում էր՝ թեկուզ ձուկ չբռնեմ էլ, այդ ընթացքը, գետի ափին նստելը շատ հաճելի է»:

2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո Ահարոնը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Քարվաճառում: Մայրիկն ասում է՝ մեծ էր որդու սերը զենքի հանդեպ, ուրիշ ձգտում, կարծես, չունենար, քան լավ դիպուկահար լինելը: Ծառայության տարիներին պարգևատրվել է կրծքանշաններով։ 2017 թվականին ավարտել է ժամկետային ծառայությունը և անմիջապես անցել ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Տիկին Նուշիկն ասում է՝ որդին սիրով էր ծառայում Սահմանապահ զորքերում:

Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Ահարոնի կյանքի ընթացքը: «Առաջին օրվանից իրենք Երևանում էին: Սեպտեմբերի 29-30-ին, երբ զրուցում էինք, ասում էր՝ երևի հետ կգանք: Հավանաբար ենթադրում էին, որ պատերազմը կդադարի: Ինքը եղել է պատերազմի դաշտում, բայց ես այդ օրերից շատ բան չեմ իմացել: Հորադիզում թեժ մարտերի մեջ է եղել, իսկ մեր հարցերին արձագանքել է՝ մեզ մոտ հանգիստ է, նորմալ, մի անհանգստացեք: Ինձ ասում էր, որ սահմանային հատվածում են, և իրենք ներգրավված չեն պատերազմում: Մինչև վերջ էլ չեմ իմացել, որ թեժ կռվի մեջ է եղել»:

Տղաներից շատերը չեն կարողացել հաճախակի տուն զանգահարել, մյուսներն էլ ամենօրյա կապի մեջ են եղել ընտանիքի հետ: Ահարոնի պարագայում մայրիկը հիշում է՝ երբ մյուս որդուն հարցնում էր՝ եղբայրը զանգահարե՞լ է, դրական պատասխան էր ստանում: «Շատ հետո ինձ ասացին՝ օրեր են եղել, որ Ահարոնը չի զանգահարել, բայց ինձ այդ մասին չեն ասել, որ չանհանգստանամ: Ինչպես պատմում են զինակից ընկերները, լավատես է եղել, միշտ իրենց հորդորել է չկոտրվել ու գնալ առաջ, մեծ հավատ է ունեցել, որ պատերազմում հաղթելու են»։

Հիմա էլ զինակից ընկերները, հրամանատարը հաճախ են այցելում Ահարոնին, և նրանց հետ զրույցների, պատմությունների ընթացքում է Ահարոնի ընտանիքն իմանում, որ, օրինակ՝ թեժ մարտերի ժամանակ Ահարոնն օգնել է վիրավոր ընկերներին, փրկել հրամանատարին՝ տեղափոխելով նրան ապահով տեղ։

Հոկտեմբերի 12-ին է եղել ընտանիքի վերջին զրույցն Ահարոնի հետ: «Ասաց. «Մեզ մոտ լույս չկա, հեռախոսը չեմ կարող լիցքավորել: Երևի թե մի երկու օր չկարողանամ զանգահարել, չանհանգստանաք»: Հիմա ենք հասկանում, թե որքան ծանր մարտերի մեջ են եղել այդ ժամանակ: Դեպքը եղել է հոկտեմբերի 14–ին, չնայած փաստաթղթերում նշված է հոկտեմբերի 15-ը»: Ծնողներն այդպես էլ չեն կարողանում արտաբերել «զոհվել» բառը: «Այդ օրն արդեն ամբողջ Մարալիկը գիտեր, թե ինչ է պատահել, երևի բացի մեզանից: Հոկտեմբերի 15-ին տղայիս բերեցին: Հեռախոսը գրպանում է եղել, դա է երևի նպաստել, որ իրեն շուտ ենք գտել: Զանգահարել էին հարազատներին, հարց ու փորձ արել, դրա համար էլ Ահարոնս շուտ տուն հասավ»:

Հիմա ընտանիքը փորձում է ուժեղ լինել: Ահարոնի զոհվելուց չորս ամիս անց ծնվել է նրա եղբոր որդին, որին անվանակոչել են ի պատիվ հորեղբոր: «Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս, մեր կյանքը լույսով են լցրել, իրենցով ենք ապրում: Ահարոնս սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց չստացվեց… Իր ճակատագիրն էլ այսպես եղավ»:

Հ. Գ. - Ահարոն Ասատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ-ի «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular