ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչև հիմա չեմ հավատում, որ Արտյոմս չկա, սպասում եմ իրեն». կապավոր Արտյոմ Տեփանյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտյոմս շատ խելոք էր, ինքնուրույն: Եթե ուզենար ինչոր բան անել, պետք է աներ: Շատ աշ խ ա տ ա սեր էր, պա ր ա պ չ է ր նստում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Արտյոմի մայրիկը:

Արտյոմը ծնունդով Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղից է: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Մայրիկն անկեղծանում է՝ սեր չուներ սովորելու հետ, չնայած դասերին իր չափով պատրաստվում էր: «Փոխարենը խենթանում էր սպորտի համար: Կարատեի էր հաճախել, բազմաթիվ մեդալներ և դիպլոմներ ունի: Սպորտում մեծ առաջընթաց ուներ»:

Արտյոմը բազմաթիվ երազանքներ ուներ: «Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո կսովորեմ, ոստիկան կդառնամ: Երազում էր նաև ֆերմա հիմնելու, անասնաբուծությամբ զբաղվելու մասին: Սիրում էր գյուղը, գյուղի աշխատանքները, երբեք միտք անգամ չի ունեցել, որ, օրինակ՝ Երևան տեղափոխվի: Իր ապագան գյուղում էր տեսնում»:

Դպրոցն ավարտելուց հետո 2020 թ. օգոստոսի 19-ին Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախ: Ծառայում էր պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Տիկին Արմենուհին նշում է՝ որդին սիրով մեկնել է ծառայության, անհամբեր սպասում էր այդ օրվան: «Օրերն էր հաշվում, թե երբ պետք է այդ պահը գա, որ մեկնի բանակ: Շատ տպավորվել են իր խոսքերը, ասում էր՝ այնպիսի անուն պետք է ձեռք բերեմ, որ այն ամբողջ աշխարհում տարածվի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեզ այս չարաբաստիկ պատերազմը պիտի հանդիպի: Կարատեով պարապելու հետևանքով իր ձեռքերին այտուցներ կային, հեղուկ էր հավաքվում: Իրեն բժշկի էինք տանում, պետք է վիրահատեին: Չգիտեմ, թե ինչու՝ հետաձգվում էր վիրահատությունը: Չվիրահատեցին, պահը եկավ, որ պետք է բանակ գնար: Բժշկական հանձնաժողովն անցել էր, վերջին ստուգումն էր: Այնպես էր նախանշված, որ պետք է վիրահատեին, վեց ամսով հետաձգեին ծառայության մեկնելը: Բայց Արտյոմը չհամաձայնեց. «Պետք է գնամ բանակ, իմ հասակակիցներից չեմ ուզում հետ մնալ, պետք է զորակոչվեմ»: Բայց մենք չէինք ուզում, որ գնար բանակ: Հետաքրքիր բան է՝ գուցե կանխազգացում ունեինք: Հայրիկն ասաց՝ հանկարծ չգնաս ու ծանուցագիրդ չվերցնես, աշխատանքից կգամ, միասին կգնանք զինկոմիսարիատ, որպեսզի վեց ամսով հետաձգենք քո՝ ծառայության մեկնելը: Հայրիկին ասաց, որ չի գնա զինկոմիսարիատ, բայց ստացվում է, որ «խաբեց» նրան: Գնացել էր, վերցրել ծանուցագիրը:

Իրեն ճանապարհելու օրը մի քիչ ուշ հասանք զինկոմիսարիատ: Նորակոչիկներն ավտոբուսով արդեն Աշտարակ էին հասել: Կարծես ճակատագիր լիներ: Թալինում մեզ ասացին, որ ավտոբուսը մեկ հոգու համար չի կարող վերադառնալ: Արտյոմն այդտեղ էլ համառեց: Զինկոմիսարիատում խնդրեց, որ ավտոբուսը կանգնեցնեն, մինչև կհասնի տղաներին: Արտյոմին ասացի՝ գուցե բարին սա է, ուշ կգնաս, ձեռքերդ էլ կվիրահատես: Բայց իմ տղային համոզել չկարողացանք: Ավտոբուսը սպասել է զինկոմիսարիատում, մինչև Արտյոմը մեքենայով հասել է Աշտարակ»:

Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Արտյոմը շատ սիրով է ծառայել: «Շատ գոհ էր, արդեն կապավոր էր: Մի քանի օրվա զինծառայող էր, իր դպրոցի ուսմասվարը մեր տուն եկավ և պատմեց՝ ուսուցչանոցում նստած սրճելիս են եղել, զանգահարել է Արտյոմը, իր հետ եղել է, եթե չեմ սխալվում, հրամանատարը: Նա շնորհակալություն է հայտնել Արտյոմի նման խելացի տղա կրթելու համար, նույնն էլ խնդրել է նաև մեզ՝ ծնողներին փոխանցել: Ինձ հետ զրուցելիս Արտյոմս ասում էր՝ մամ, շատ գոհ եմ, ինձ հարգում են, ծառայությունս լավ է անցնում»:

Բայց սկսվում է 44-օրյա պատերազմը: «Այդ օրերին միշտ զրուցել ենք Արտյոմի հետ: Ասում էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, իմ մոտ ամեն ինչ լավ է, միշտ կապի մեջ եմ»: Հանգստացնում էր մեզ, որ պատերազմի մեջ չէ. «Մեզ մոտ հանգիստ է, վախենալու բան չկա, կզանգեմ»: Մեկ անգամ էլ լրագրողների հեռախոսով էր զանգել, առհասարակ, տարբեր հեռախոսահամարներով է զանգել, զրուցել մեզ հետ: Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը մեզ հետ կապի մեջ է եղել: Հոկտեմբերի 10-ին վերջին զանգն էր: Երեկոյան զանգահարեց, միայն այդ օրն ասաց. «Մա՛մ, ոտքս կարծես վնասել եմ, վազելով մտա խրամատ, այնտեղ փշալարեր կային, չնկատեցի»: Բայց հիմա մտածում եմ, որ այդ ժամանակ ինձ խաբեց՝ երևի թե արդեն վիրավոր էր, բայց ինձ չէր ուզում ասել: Այդ օրերին այնքան հանգիստ էր, հայրիկն ասում էր՝ երբ մի կողմից կրակում են, պատսպարվեք, մյուս կողմ նահանջեք: Պատերազմի դաշտը լքելու մասին միտք անգամ չի ունեցել: Մնացել է իր ընկերների կողքին: Տղաներն իրար մենակ չեն թողել»:

Ցորի տղաները, որոնք անմահացել են 2020 թ. հոկտեմբերի 12-ին, իսկ տուն վերադարձել մեկ տարի երկու ամիս անց, նրանք, որոնց ինքնությունը հաստատել է ԴՆԹ հետազոտությունը, նրանք, որոնք պայքարել են մինչև վերջին փամփուշտն ու շունչը, դիմադրել մեծաքանակ թշնամուն, պատերազմի մի քանի օրերի ընթացքում հասցրել են Արցախի մի շարք անկյուններում լինել՝ Վազգենաշեն, 9-րդ կիլոմետր կոչվող հատված, Արա լեռ, Ջուվառլու և այլուր: Վստահաբար, տղաների հերոսական ուղու մասին ամեն ինչ չէ, որ գիտենք, բայց նրանց սխրագործությունը նաև թշնամին է «գնահատել», այնքան, որ չի ցանկացել նրանց մարմինները փոխանցել հայկական կողմին, որպեսզի հանկարծ հայրենիքում հրետանավորները հերոսի կոչման չարժանանան:

Այդ ընթացքում Արտյոմի ընտանիքը փնտրել է նրան ամենուր, նաև գերեվարվածների շրջանում, բայց ապարդյուն: «Հետո ցանցում մի նկար հայտնվեց, տղայի հագուստն իմ Արտյոմի հագուստին էր նման, նմանեցնում էինք մեր տղային, բայց դեմքը պարզ չէր երևում: Գտանք լրագրողներին, նկարահանողներին ու պարզեցինք, որ այդ տղան Արտյոմս չէր»:

Արտյոմը երկու քույր և եղբայր ունի: «Աղջիկներս իրենց ընտանիքներն ունեն, տղաս աշխատում է ոստիկանության զորքերում: Եղբոր երազանքը նա կատարեց: Ամեն մեկն իր տեղն ունի, ոչ ոք մյուսի տեղը չի կարող լրացնել: Իսկ ես խեղդվում եմ կարոտից, չգիտեմ, թե ինչ անեմ: Մինչև հիմա չեմ հավատում, որ Արտյոմս չկա, սպասում եմ իրեն: Այնքան աշխույժ էր, ճարպիկ, որևէ մեկը չէր հավատում, որ Արտյոմը կարող է զոհվել: Անգամ համագյուղացիներն էին ասում՝ մեր սիրտը հանգիստ է, իրեն բան չի լինի»:

Ապրելու ուժի մասին: «Աղջկաս տղան այնքան նման է քեռուն՝ թե՛ բնավորությամբ, թե՛ քայլվածքով, անգամ մազերը սանրելու ձևով: Երբ իրեն գրկում եմ, սիրում, հոգիս մի քիչ հանգստանում է, բայց հոգուս մեջ շատ մեծ վերք կա: Վստահ եմ նաև, որ տղայիս կազմած ընտանիքն ուրախություն կբերի մեր տուն»:

Հ. Գ. - Արտյոմ Տեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Կարմրաշենի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular