ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենոյին շնորհել դիվանագիտական անձնագիր. ինչու էր նա Երեւանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ կարճ ժամանակով Երեւանում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, եւ այս այցը ուղղակիորեն կապված էր Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» Հենրիխի տեղափոխության հետ:

Բայց մինչ երեւանյան այցի մասին խոսելը՝ նախ անդրադարձ, թե ինչ է տեղի ունեցել վերջին 20 օրերի ընթացքում: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերից հետո մի փոքր հանգստանալով ԱՄՆ-ում, Մխիթարյանը վերադարձել էր Դորտմունդ եւ ակումբի ղեկավարներին տեղեկացրել, որ ցանկանում է տեղափոխվել Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական այս թիմը դեռ մինչ ամերիկյան շրջագայությունն էր արդեն հաստատել Մխիթարյանի նկատմամբ ունեցած լրջագույն հետաքրքրության մասին եւ կարծես թե դեռ ամսվա սկզբներին «Բորուսիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերային բանակցությունները պետք է ավարտվեին: Ընդ որում, «Յունայթեդը» պատրաստ էր բավական լուրջ կոմպենսացիա վճարել «Բորուսիային» մի ֆուտբոլիստի համար, որի պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի՝ 24 միլիոն եվրո: Պայմանագրի կնքումը այս 2 ակումբների միջեւ ձգձգվում է արդեն 20 օր, թեեւ Մխիթարյանը վաղուց արդեն փաստացի «Բորուսիայի» ֆուտբոլիստ չէ: Իսկ ձգձգման պատճառները կապված են մի քանի նրբությունների հետ, որոնք գոյություն ունեն միջազգային տրանսֆերային շուկայում:

Բնականաբար, բոլոր ֆուտբոլիստները ունեն իրենց շուկայական արժեքը՝ տրանսֆերային գինը, որը փոխվում է ֆուտբոլիստների տարիքի, մարզավիճակի հետ կապված՝ բարձրանում կամ իջնում է, բայց մշտապես նվազում է գործող պայմանագրի վերջին տարում: Ֆուտբոլիստը, օրինակ, 1 տարի հետո կարող է առանց որեւէ կոմպենսացիայի՝ ամբողջապես ձրի տեղափոխվել ցանկացած ակումբ, եւ նման պայմաններում վճարել աստղաբաշխական գումար ուղղակի խելամիտ չէ՝ կարելի է սպասել 1 տարի: Հենց այս նրբությունը հաշվի առնելով, «Յունայթեդի» առաջարկը «Բորուսիային»՝ 24 միլիոն Մխիթարյանի համար, որի պայմանագիրը ավարտվում է 1 տարի հետո, բավական խելամիտ էր ու արդարացված: Ընդ որում, տրանսֆերային մյուս նրբությունն այն է, որ այսպիսի դեպքերում նոր ակումբները խոստանում են ֆուտբոլիստին բարձր աշխատավարձ՝ տրանսֆերային հնարավոր ցածր արժեքի դիմաց: Կոպիտ ասած, «Յունայթեդը» տալիս է Մխիթարյանի համար 35 միլիոն եվրո՝ որպես տրանսֆերի գումար եւ աշխատավարձ, իսկ մնացածը արդեն դետալներ եւ հոգսեր են անձամբ ֆուտբոլիստի եւ նրա գործակալի համար:

Հիշեցնենք, որ Հենրիխի գործակալը իտալացի, իր մասնագիտության մեջ լավագույններից մեկը համարվող Մինո Ռայոլան է: Տարիներ առաջ Ռայոլան «Բորուսիայի» ղեկավարների հետ կարողացավ Մխիթարյանին «պոկել» Դոնեցկի «Շախտյորից»: Հիմա էլ Ռայոլան սկսել էր գրեթե նման մի պրոցես՝ արդեն ընդդեմ «Բորուսիայի»: Սակայն գերմանական թիմի ղեկավարները հեշտ ու հանգիստ «չհանձնվեցին» Ռայոլային, ու պահ կար արդեն, երբ բանակցությունները գրեթե ձախողման եզրին էին. «Բորուսիան» եւ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստ էին կորցնել մոտ 30 միլիոն եվրո (Մխիթարյանի տրանսֆերի եւ աշխատավարձի գումարները), միայն թե հայ ֆուտբոլիստը 1 տարի էլ մնար Դորտմունդում: «Ես միշտ սկսած գործը ավարտում եմ»,- այդ ընթացքում հայտարարեց Ռայոլան, եւ սկսվեց իսկական տրանսֆերային ճակատամարտ: Ռայոլան՝ իտալական ու անգլիական, «Բորուսիան»՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով իրենց անհրաժեշտ ինֆորմացիան էին հրապարակում: Ռայոլա - «Բորուսիա» ծանր բանակցությունների ընթացքում, որոնց ժամանակ իտալացի գործակալը զայրույթից անգամ աթոռն է խփել հատակին, վճռական եղավ «Մանչեթսեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի դիրքորոշումը. ինչ գնով էլ լինի Մխիթարյանը պետք է տեղափոխվի:

Մոուրինյոյի խաղային սխեման հայտնի է բոլորին. հստակ, ամուր պաշտպանություն եւ կտրուկ, սլացիկ, «մահացու» հակագրոհներ: «Յունայթեդում» Մոուրինյոյի ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների մեջ չկան այս պայմաններին համապատասխանողներ, եւ պորտուգալացու ընտրությունը Մխիթարյանն է: Մոուրինյոյի թիմում Հենրիխին վերապավելու է մոտավորապես այն դիրքը, որը Մադրիդի «Ռեալում» կատարում էր արգենտինացի Անխել Դի Մարիան՝ գրոհներին արագություն, սրություն, թափ հաղորդող ֆուտբոլիստ: Ռայոլայի եւս 2 ֆուտբոլիստներ՝ շվեդ Զլատան Իբրահիմովիչը եւ ֆրանսիացի Պոլ Պոգբան «Յունայթեդի» եւ Մոուրինյոյի լրջագույն հետաքրքրությունների շրջանակներում էր՝ առաջինը որպես Մխիթարյանի սկսած գրոհների ավարտող, Պոգբան էլ, որպես թիկունքը ամուր պահող ֆուտբոլիստներ: Մոուրինյոյի երազանքը իրականություն դարձնելու առաջին պայմանը Մխիթարյանն էր, եւ «Յունայթեդը» գնաց աննախադեպ քայլի. 1 տարվա պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի համար վճարում է 40 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: Սա իր տեսակով ավելի թանկ տրանսֆեր է, քան Գարեթ Բեյլի կամ Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր ժամանակների ամենաթանկարժեք տրանսֆերները:

«Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տեղափոխությունը կարելի է համարել ավարտված. առաջիկա օրերին համապատասխան պայմանագիր կկնքվի թիմերի՝ «Յունայթեդի» եւ «Բորուսիայի» միջեւ, հետո էլ անգլիական թիմի եւ հայ ֆուտբոլիստի միջեւ կկնքվի անձնական պայմանագիր: Իսկ արդեն հուլիսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ուղեւորվելու է Չինաստան՝ ընկերական մրցաշարի: Հուլիսի 22-ին Շանհայում «Յունայթեդը» մրցելու է, ուշադրություն, Դորտմունդի «Բորուսիայի», իսկ 3 օր անց՝ Պեկինում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Չինաստանի վիզա ստանալու համար էլ հենց Մխիթարյանը կարճ ժամանակով Երեւանում էր: Ինչ վերաբերվում է Մխիթարյանի աշխատավարձին: Իհարկե, շատ են հրապարակումները այս մասին, բայց կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե հատկապես մեր պատգամավորների մոտ Մխիթարյանի՝ բոլորին ի տես աշխատանքով վաստակած գումարները հաշվելու փոխարեն ցանկություն, առաջարկ լինի Հայաստանի ԱԳՆ-ին՝ Հենրիխ Մխիթարյանին շնորհել դիվանագիտական անձնագիր, ինչպես արեց Ալբանիան իր առաջատար ֆուտբոլիստների պարագայում, եւ այդ դեպքում օգուտը փոխադարձ կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular