Արտարժութային կարիքներից ելնելով՝ Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ընդհանուր պարտքի կազմում դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի:
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը:
Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներին անդրադառնալով ՝ նախարարն ասաց, որ մի մասը պլանավորվում են ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը՝ բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ տեղական պարտատոմսերի թողարկումներով:
«Եթե վերջին տարիներին մենք մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48 տոկոսի, ապա մյուս տարի այն մի փոքր նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից: Այսինքն՝ արտարժութային կարիքներից ելնելով՝ մենք որոշել ենք, որ մյուս տարի ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի»,- մանրամասնեց նախարարը: