Ուժեղացված ծառայություն՝ Սևանում. լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 83 կգ սիգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։
Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի լճափնյա հատվածում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք, 2 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել են 105 սիգ՝ ընդհանուր 44,84 կգ, և շարժիչավոր նավակ։
Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, հետևողականորեն շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:
Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։