ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց յուրահատուկ երեխա էր: Ոչնչից չէր վախենում: Սեր ուներ ուսման նկատմամբ, լավ էր սովորում, խելացի էր, ընկերասեր: Փոքրուց աշխատել է: Բարձր դասարաններում արձակուրդներին գնում էր աշխատելու, իր մեջ այդ մղումը կար, չէր ուզում պարապ մնալ: Զուսպ էր, կազմակերպված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Հենրիկի մայրիկը:
 
Հենրիկը ծնունդով Վայքից է: Սովորել է Վայքի թիվ երկու միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Վայքի հումանիտար քոլեջում։ Զուգահեռաբար հաճախել է Վայքի սպորտդպրոց՝ կարատեի, ստացել է սև գոտի: «Բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել, մեդալներ ու գավաթներ ունի: Երբ մարզչին հարմար չէր լինում, զանգահարում էր Հենրիկին, որ նա պարապմունքն անցկացնի: Իրեն բոլորն էին սիրում՝ թե՛ դասընկերները, թե՛ ուսուցիչները, բոլորբոլորը: Վստահելի մարդ էր բոլորի համար իր համեստությամբ, զսպվածությամբ, խելքով»: Հենրիկը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ: Մայրիկն ասում է՝ վերջերս որդին հաճախ էր ասում, որ պետք է այլ ուղղությամբ կրթությունը շարունակեր: «Ամբողջ օրը գիրք էր կարդում, իրեն ազատ չէիր կարող տեսնել»:
 
2015 թ.-ին Հենրիկը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան՝ որպես տանկիստ։ Հենրիկի ծառայության ժամանակ սկսվում է Ապրիլ յան պատերազմը, որից անմասն չի մնում նաև նա՝ կատարելով վերադաս հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները: Բանակից վերադառնալուց հետո Հենրիկն անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ ՊՆ հատուկ նշանակության ջոկատում։ «Բանակից վերադառնալուց հետո շարունակեց ուսումը Ֆիզկուլտ ինստիտուտում: Երկրորդ կուրսն ավարտելուց հետո անցավ պայմանագրային ծառայության: Սիրում էր զինվորականի գործը: Ես, կարծես, իրեն ցանկանայի հետ պահել դրանից, մշտապես ասում էի, որ կարող է ցանկացած աշխատանք ընտրել, անգամ ուսուցիչ աշխատել Վայքում, բայց իրեն «համոզել» չկարողացա: Ասում էր՝ ես զինվորականի գործը շատ եմ սիրում»: Հենրիկն անցել է նաև 44-օրյա պատերազմի միջով:
 
Մայրիկն ասում է՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումը, որտեղ ծառայել է Հենրիկը, հաջողությամբ կատարել է մի շարք մարտական գործողություններ Ջրականում, Կովսականում, Շուշիում և Բերձորում։ «44օրյա պատերազմի ժամանակ Հենրիկս մի քանի անգամ վիրավորվել է, ամեն անգամ բուժօգնություն է ստացել, նորից վերադարձել իր ընկերների մոտ, միշտ ասել է. «Պետք է նրանց կողքին լինեմ»: Շատ փակ էր իր բնույթով: Պատերազմից հետո, երբ իրեն հարցեր էինք տալիս, մեր բոլոր հարցերն անպատասխան էին մնում. «Մամ, չեմ ուզում հիշել»: Իր ընկերները, որոնք հաճախ են մեր տան հյուրերը, այնպիսի բաներ են պատմում, որ անգամ զարմանում ես: Այդքան ուժեղ, ռիսկով 44 օր պայքարել է մարտի դաշտում և վերջում՝ այսպե՞ս… Պատմում են, որ մարտական գործողություններից մեկի ժամանակ Հենրիկը վիրավոր ընկերոջը չի լքել մարտադաշտում և ուսին դրած դուրս է բերել կրակների միջից։ Հրամանատարն այնպես էր ափսոսում Հենոյիս համար, ասում էր՝ վստահել եմ իրեն, իմ բոլոր գաղտնիքները Հենրիկն իմացել է»:
 
Մայրիկը հիշում է՝ որդին պատերազմի օրերին իր հետ միշտ կապի մեջ էր: «Երբ չէր զանգահարում, ներսումս տագնապ էր առաջանում, խառնվում էի իրար: Ամուսինս գիտեր, որ վիրավորվել է, հիվանդանոցում բուժում է ստանում, բայց ինձ ոչինչ չէր ասում, միայն նշում էր՝ խոսել եմ Հենրիկի հետ, ամեն ինչ լավ է, Հենրիկն ապահով տեղում է: Իհարկե, այդ հավաստիացումներին չէի հավատում, չէ՞ որ տեսնում էի, թե ինչ է կատարվում այնտեղ»:
 
44-օրյա պատերազմի ավարտից հետո Հենրիկը որոշում է ամրապնդել զինվորական գիտելիքները։ 2021 թ. նոյեմբերին գործուղվում է Հունաստան՝ մասնակցելու Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի ռազմական փորձի փոխանակմանն ուղղված մեկշաբաթյա միջոցառմանը։ 2022 թ.ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նույն թվականի օգոստոսին Հենրիկին շնորհվում է լեյտենանտի կոչում։ Կոչումը ստանալուց հետո նա դարձյալ գործուղվում է Հունաստան եռամսյա դասընթացների։ Վերադառնալուն պես անցնում է ծառայության։ Մայրիկն ասում է՝ իրենց խումբը եղել էր 18-19 հոգի, վերջում մնացել էին երկու հոգով: «Հենց սկզբի օրերին շատերը չէին դիմացել դժվարություններին, վերադարձել էին Հայաստան: Իսկ Հենրիկն ասում էր՝ ինձ համար որքան էլ դժվար լինի, պետք է մնամ»: Հունաստանից Հենրիկը վերադարձել է պատվոգրերով ու մեդալներով:
 
Պատերազմի միջով անցած Հենրիկն անմահանում է թվացյալ խաղաղության պայմաններում: Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «2023 թ. ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ»: Ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտեցել էին հայ զինծառայողներին, սադրանք հրահրել, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսվել: Հենրիկը, Արթուրը, Նարեկը և Մկրտիչը զոհվել էին: «Իրենց պիտի Կապան տանեին, թե ինչու այդ հատված տարան, չգիտեմ: Հաջորդ օրն էլ պետք է վերադառնային: Հենրիկս տեսել է, որ ընկերոջ ուղղությամբ կրակել են, առաջ է գնացել: Իրեն ուղղված կրակոցը թիկունքից է եղել»: Տիկին Անահիտի խոսքերով, երբեք չի վախեցել, որ որդու հետ կարող է ինչոր վատ բան պատահել: «Այնքան լուրջ տղա էր, որ վստահ էի՝ սխալ քայլ չի անի: Ամեն հարցում ձգտում էր ավելիին: Պետք է Հնդկաստան մեկներ վերապատրաստման: Անգլերեն էր պարապում, որ լեզվին տիրապետեր: Չէր ուզում ինչոր բանից հետ մնալ: Երբ դիրքեր էր բարձրանում, իր հետ գրքեր էր տանում:
 
Ազատ ժամանակը գիրք ընթերցելով էր անցկացնում, ազատ օրերին գնում էր գրադարան: Մեր բարեկամների տներում, որտեղ Հենրիկը հյուր է եղել, մինչև հիմա էլ իր գրքերը կան: Նստում էր մեզ հետ, մի քիչ շփվում, մեկ էլ տեսնում էինք՝ Հենրիկը չկա, գրապահարանից գիրք է վերցրել ու մի տեղ նստած կարդում է: Աշխատասեր էր: Վարձով էինք բնակվում, Հենրիկն ասում էր՝ պետք է աշխատեմ, տուն ունենանք»: Հենրիկը կրտսեր քույր և եղբայր ունի: Հիմա ընտանիքում մեկը մյուսին թիկունք լինելով՝ փորձում են շարունակել ապրել: «Հիմա, երբ Հենրիկը չկա, շատ դժվար է: Բայց պետք է ուժ գտնեմ իմ մեջ ապրելու, որ կարողանամ այցելել իրեն, իր հիշատակը վառ պահեմ»:
 
Հ. Գ. ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ, հետախույզ Հենրիկ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Զառիթափ համայնքի եղբայրական գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular